Վարչական դատարանում դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ փետրվարի 22-ին շարունակվում էր «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի» նախագահ Լեւոն Բարսեղյանն ընդդեմ ոստիկանության գործի քննությունը:
Հիշեցնենք, որ Լեւոն Բարսեղյանը ոստիկանությունից պահանջում է վնասի փոխհատուցում մոտ երկու հազար եվրոյի չափով: Դատարանը վճռի հրապարակման օր էր նշանակել, սակայն Արման Թովմասյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում վերսկսել դատաքննությունը, որպեսզի պարզի գործի 9 նիստերին հայցվորի մասնակցությունը:
Դատական նիստի ընթացքում Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ պատասխանող կողմը պետք է շահագրգռվածությունը ունենա, իսկ նա դրա դեմ ոչ մի առարկություն չի ներկայացրել, համաձայնել է: Պատասխանող կողմը ասելիք չուներ:
Արման Թովմասյանը ուսումնասիրեց, Լեւոն Բարսեղյանի՝ դատական նիստերին մասնակցությունը, 4-ն էին: Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ եղել են դատական նիստեր, որոնք չեն բացվել, բայց Լեւոն Բարսեղյանը ներկայացել է, սակայն այդ մասին արձանագրության մեջ նշված չէ: Սոնա Մելիքյան էլ ասաց. «Դուք եք ասում»
Կարդացեք նաև
Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ հայցվոր կողմը ամփոփիչ ճառով հանդես չի գա, քանի որ արդեն իսկ հանդես եկել է: Նա միայն մատնացույց արեց, որ վարչական իրավահարաբերություններում հատուցման պահանջը ենթակա է քննման արտադատարանական կարգով, եւ արդյունքների գոհացուցիչ չլինելու պարագայում նոր դատարանն է քննում հայցը: Դա է պատճառը, որ կողմը դատարան հայց է ներկայացրել: Նա հավելեց, որ ամբողջությամբ պնդում է հայցը:
Պատասխանող կողմը եւս ամփոփիչ ճառով հանդես չեկավ: Դատաքննությունը ավարտվեց, դատական ակտը կհրապարակվի մարտի 10-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ