Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ոգեշնչում ու հիացնում է կանացի հմայքը»

Փետրվար 22,2016 13:00

22-ամյա լուսանկարիչ Կարեն Դավթյանը սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊ) վավերագրական ֆիլմի ռեժիսուրա բաժնում: Սակայն դեռ ուսանողական տարիներից տարվել է լուսանկարչությամբ եւ այդպես արդեն չորս տարի: «Մի անգամ դասախոսը հանձնարարություն տվեց: Պետք է նկարեինք կենդանիների՝ էմոցիաները ցույց տայինք: Նկարեցի՝ որպես առաջադրանք: Բայց լուսանկարչության նկատմամբ հետաքրքրությունը միշտ է եղել: Աստիճանաբար, իմ առջեւ խնդիրներ դնելով, սկսեցի լուսանկարել, գնալով ավելի էր հետաքրքրում ու այդպես էլ դարձավ մասնագիտություն»,- պատմում է մեր զրուցակիցը: Նրա փաստմամբ, Հայաստանում վերջին տարիներին լուսանկարչությունը զարգանում է, լուսանկարիչները՝ շատանում:

Karen_Davtyan_5 Karen_Davtyan_4

«Մեզ մոտ ճաշակ կա, բայց դեռ զարգանալու եւ հղկվելու շատ տեղ ունենք, ինչպես նաեւ ես: Տեխնիկապես ենք թույլ, լույսի, գույնի, մշակման հարցերում, բայց ձգտումներն ամեն ինչ արդարացնում են, առաջընթացը նկատելի է: Ուզենք, թե ոչ, այսօր շատերն են լուսանկարչությանը վերաբերվում որպես գումար աշխատելու միջոց, ինչի պատճառով հաճախ արվեստը տուժում է: Սեփական փորձով կարող եմ ասել: Այսինքն, եթե լուսանկարչությանը նայում ես զուտ որպես կոմերցիա, ապա շատ մասնագիտությունների համեմատությամբ այն բավականին շահութաբեր է, բայց որպես արվեստ՝ ոչ»,- կարծում է լուսանկարիչը: Նա հավելում է, որ իրեն աշխատելիս ամենաշատը ոգեշնչում եւ հիացնում է կինը. «Կապ չունի՝ ինչ եմ լուսանկարում, ինձ տրամադրում, ոգեշնչում ու հիացնում է կանացի գեղեցկությունը եւ հմայքը: Բառերով դժվար է բացատրել. պատկերի միջոցով արտահայտելն ու արտահայտվելը պետք չէ հասկանալ, պետք է զգալ: Բնություն նկարելիս էլ շատ կարեւոր է զգայական դաշտը: Ձգտում եմ կոկիկ նրբության: Եթե նույնիսկ փուշ եմ նկարում, ուզում եմ, որ այն հաճելի լինի, ոչ թե ծակի»: Երիտասարդ լուսանկարչի սիրելի լուսանկարիչներն են Թերի Ռիչարդսոնը, Էրվին Օլաֆը, Մարիո Տեստինոն, Դավիթ Գալստյանը, Արմեն Աղայանը:

Karen_Davtyan_3 Karen_Davtyan_1 Karen_Davtyan_6

Իսկ իր մոդելներին ընտրելիս ամեն անգամ տարբեր հատկանիշների վրա է կենտրոնանում, ասում է. «Ամեն մեկն ունի իր բնավորությունը, իր տեսակը: Բայց ամենակարեւորը շարմն է: Աշխատանքս էլ ավելի լավ է ստացվում, երբ հերոսս իզյումինկա ասվածն է ունենում»: Մեր հարցին՝ եթե հնարավորություն ունենար անտեսանելի լիներ, որտե՞ղ կգնար ու ի՞նչ կլուսանկարեր, Կարենը պատասխանեց. «Ավելի շատ կուզեի ոչ թե անտեսանելի լինել, այլ կարողանայի ժամանակի մեջ ճանապարհորդել: Կարողանայի հասանելի դարձնել այնպիսի մարդկանց, որոնք լեգենդներ են: Իսկ ժամանակակից հայտնի դեմքերից կցանկանայի աշխատել Անջելինա Ջոլիի հետ»: Թե ինչպես է պատկերացնում հինգ տարի հետո իր կյանքը, լուսանկարիչը պատասխանում է. «Կյանքը հետաքրքիր է իր անկանխատեսելիությամբ… Չեմ կարող պատասխանել»:

Karen_Davtyan_8 Karen_Davtyan_7

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29