Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի Հայաստանի առաջնության ցուցանիշները գոհացուցիչ են

Փետրվար 22,2016 12:30

Երեւանի ՕՀՊՄՔ-ում անցկացված ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում մարզիկների ցույց տված արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացրին մասնագետներին:

Ազգային հավաքականների մարզիչների համար շատ կարեւոր էր տեսնել հատկապես ըստ քաշային կարգերի առաջատարների հնարավորությունները Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կայանալու է ապրիլի 8-ից 16-ը՝ Նորվեգիայում:

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքերով՝ աշխարհի վերջին առաջնությանը մասնակցած թե աղջիկները, թե տղաները բավականին ծանր կիլոգրամներ բարձրացրին՝ բարելավելով Հյուսթոնում ցույց տված արդյունքները: Եվ դա հույսեր է ներշնչում, որ Եվրոպայի առաջնությունում մեր ծանրորդների մրցելույթները հաջող կլինեն: Բայց մարզիչները դեռ շատ անելիքներ ունեն: Մասնագետը կայքերից մեկում նշել է նաեւ, որ եթե ծանրորդները Նորվեգիայում կրկնեն իրենց այսօրվա ցուցանիշները, շատերը կկարողանան բարձրանալ պատվո պատվանդան: Իսկ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը «Առավոտին» ասել էր, որ այս առաջնության արդյունքներով ցանկություն է առաջացել պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցել ամբողջական կազմով ու պայքարել թիմային բարձր տեղերի համար: Մարզիչն իր այդ խոսքերից ընդամենը մի քանի օր անց ՀԱՕԿ-ի լրատվության բաժնին արդեն տվել է Նորվեգիա մեկնող կանանց հավաքականի անդամների անունները, ըստ որի՝ ցանկությունն իրականություն է դարձել: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանը, որի օրոք մարզաձեւը հանրապետությունում բավականին առաջընթաց արձանագրեց, անձնական պատճառներով հրաժարական է տվել, եւ ՀԱՕԿ-ը, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, մինչեւ օլիմպիական խաղերի ավարտը իր վրա է վերցրել ծանրամարտի ֆեդերացիայի ծախսերը: Ըստ աղբյուրի, Եվրոպայի առաջնություն մեկնելու են 53 կգ քաշային Աննա Գովելյանը, 58՝ Իզաբելլա Յայլյանը, 63՝ Քրիստինե Պետրոսյանը, 69՝ Նազիկ Ավդալյանը, 75՝ Սոնա Պողոսյանը եւ +75՝ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Արփինե Դալալյանը:
Տղամարդկանց հավաքականում նույնպես հիմնական թեկնածուները հայտնի են, բայց դեռ պաշտոնապես անուններ չեն հրապարակել:

Վերջին շրջանում, հատկապես Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ, անչափ խստացվել է պայքարը դոպինգի դեմ: «Առավոտը» Հայաստանի հակադոպինգային գործակալության ղեկավար Արեգ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե հայաստանցի ծանրորդները մինչեւ օլիմպիական խաղեր իրենց ուշադրության կենտրոնո՞ւմ են լինելու: «Ոչ միայն ծանրորդներն են մեր մշտական հսկողության ներքո: Ծանրորդների՝ Հայաստանի առաջնության ընթացքում մեր դոպինգ-սպաները ծանրորդներից յոթ դոպինգ փորձանմուշ են վերցրել եւ դրանք ուղարկվելու են Ավստրիայի լաբորատորիա: Այնպես որ, բոլորն էլ քաջատեղյակ են՝ կարգազանցությունը կբացահայտվի ու կպատժվի», – ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:
Հիմա հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնելու Ծաղկաձորում, այնուհետեւ՝ Կազանում, որտեղից էլ մեկնելու են Եվրոպայի առաջնություն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29