Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն, թուրքերն ու Մարգար Եսայանը

Փետրվար 22,2016 12:00

Երբ ԵԽԽՎ-ում քվեարկությունից հետո պարզվեց, որ հակահայ երկու զեկույցներից ընդամենը մեկն է անցել, շատերն անակնկալի եկան, որովհետեւ մեզնից լավատեսներն այն կարծիքին էին, որ երկու զեկույցներն էլ կմերժվեն, իսկ հոռետեսներն, ընդհակառակը, համոզված էին, որ երկու դեպքում էլ հակահայ տարբերակներն առավել շատ ձայներ կստանան: Այդպես մտածողները մտովի հաշվում էին ադրբեջանցիների ձայները, այնուհետեւ ադրբեջանցիների ձայներին գումարում էին «մեծ ախպոր»՝ թուրքերի ձայները, հետո ուկրաինացիներինը, քանի որ Ղրիմի հարցում մերոնք ռուսական տարբերակն էին պաշտպանել: Եվ այլն:

Այդպես էլ եղավ: Ուկրաինացիք միաձայն ադրբեջանական տարբերակներին կողմ քվեարկեցին, եւ մեր «վերլուծաբանները» հաջորդ իսկ օրն սկսեցին մեզ բացատրել, որ եթե մենք Ղրիմի հարցում ուկրաինացիներին կողմ քվեարկեինք, հիմա իրենք էլ մեր դեմ դուրս չէին գա: Մինչդեռ կարող էինք ավելի տրամաբանորեն մտածել. կարող ենք մտածելով հասկանալ, որ, այնուամենայնիվ, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չեն կարող պաշտպանել ուկրաինացիները՝ այն պարզ պատճառով, քանի որ պատեհ ու անպատեհ առիթներով հանդես են եկել, հանդես են գալիս ու հանդես են գալու Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին: Նույնը վերաբերում է վրացիներին: Որովհետեւ Ղարաբաղի հարցին զուգահեռ նաեւ Աբխազիայի հարցը կա: Այսինքն՝ քաղաքական շահը, ինչպես միշտ, ավելի կարեւոր է, քան ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները, եւ Ղրիմի իրադարձություններից առաջ էլ չի եղել մի դեպք, որ ուկրաինացիները կամ վրացիները հանդես գան ի վնաս Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Եվ դա միանգամայն բնական ու տրամաբանական է, որովհետեւ վրացիներն էլ Աբխազիայի ու Օսեթիայի հետ կապված խնդիրներ ունեն, եւ չարժե այս քաղաքական շահերը տեղափոխել ժողովուրդների «դարավոր բարեկամության» ասպարեզ եւ նեղանալ իրարից:

Ինչ վերաբերում է Թուրքիայի պատվիրակության ներկայացուցիչ Մարգար Եսայանին, նույնիսկ վերջինիս ադրբեջանամետ քվեարկության առթիվ չարժեր առանձնապես զարմանալ, եւ եթե զարմանալ էր պետք, ավելի շատ պիտի զարմանայինք Թուրքիայի պատվիրակության մյուս անդամների պահվածքից. եթե նրանք բոլորը ներկայանային ու մասնակցեին քվեարկությանը, փաստորեն Ուոլթերի զեկույցն էլ կանցներ, մինչդեռ մենք Մարգար Եսայանի մասնակցության վրա ավելի ենք զարմանում, քան ադրբեջանցիները՝ Թուրքիայի պատվիրակության այդ բացակայած անդամների վրա:

Իհարկե, Թուրքիայի պատվիրակությունը կարող էր իր անդամներից հենց Մարգար Եսայանին հնարավորություն տալ, որպեսզի վերջինս բացակայեր քվեարկությունից ու պարզերես դուրս գար հայերիս առաջ, բայց համաձայնեք, որ դա մի քիչ շատ կլիներ թուրքահպատակ մեր հայրենակցի համար: Կամ, որ ավելի հավանական է, Մարգար Եսայանին կարող է առաջարկած էլ լինեն բացակայել քվեարկությունից, բայց վերջինս կամավոր հրաժարված լիներ նման շռայլությունից ու նվիրատվությունից:
Ամենահնարավորն այն է, որ, ըստ ամենայնի, էն գլխից պարզ է եղել, որ զեկույցներից մեկն անցնելու է, մյուսը՝ ոչ: Ընդ որում՝ Ուոլթերինն անցնելու էր, Միլիցայինը՝ ոչ: Եվ դա բոլորին էր ձեռնտու: Նույնիսկ հայերին: Եվ ակնհայտ էր, որ քվեարկության ընդհանուր արդյունքներով՝ ադրբեջանցիներն ավելի պարտված էին, քան մենք:

Որովհետեւ այս անգամ ադրբեջանցիներն իրականությունից ու քաղաքականությունից ավելի հեռու գտնվեցին, քան մենք, եւ մեր պատվիրակության անդամներն էլ, առաջին անգամը լինելով, միմյանց հետ բավական սերտորեն համագործակցեցին:
Բայց, իհարկե, սա հաղթանակ համարելն էլ է չափազանցություն ու անտեղի ոգեւորություն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29