Մեծ պահքի երրորդ կիրակին կոչվում է «Անառակի կիրակի»: Այս օրվա խորհուրդը շարունակությունն է նախորդ կիրակի օրվա` «Արտաքսման կիրակիի» խորհրդի: Յուրաքանչյուր արարք, որ մենք գործում ենք մեր կյանքում` ունենում է հետեւանքներ: Այն անդրադառնում է ինչպես մեր, այնպես էլ մեր շրջապատի վրա: Ամեն մարդ իր քայլերի համար պատասխանատու է ինչպես մարդկանց, այնպես էլ Աստծո առաջ: Մեր բարի արարքների համար արժանանում ենք գովասանքների եւ օրհնությունների, իսկ չար եւ վատ արարքները հանգեցնում են դատապարտության:
«Աստվածաշունչը սովորեցնում է, որ Քրիստոսի երկրորդ գալստի ժամանակ տեղի է ունենալու համընդհանուր հարություն, որից անմիջապես հետո կատարվելու է մեծ դատաստանը: Յուրաքանչյուր մարդ կանգնելու է Քրիստոսի առաջ` պատասխան տալու իր ապրած կյանքի համար»,- «Առավոտ»-ի լրագրողի հետ զրույցում ասաց Եղեգնաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Ըստ Աստվածաշնչի, մարդկանց ի վերջո սպասում է երկու տեղ` Աստծո արքայություն կամ հավիտենական տանջանքներ, դժոխք:
«Բնականաբար մարդ ամեն ինչ պետք է անի, որպեսզի չհայտնվի դժոխքում, դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ապրենք քրիստոնյային հարիր կյանքով: Այն մեղքերը որոնք մենք գործում ենք` կամա թե ակամա` ապաշխարենք:
Անառակի կիրակիի խորհուրդը ապաշխարությունն է, զղջումը` կատարած սխալների եւ դրանք ուղղելու վճռականությունը` հաճախ ոտնատակ տալով սեփական եսասիրությունը եւ կեղծ հպարտությունը»,- նշեց Տեր Հայրը:
Նա այս կապակցությամբ հիշեցրեց աստվածաշնչյան hայտնի առակը անառակ որդու մասին: «Մի մարդ երկու որդի ուներ: Եվ հայրը երկու որդիների մեջ բաժանեց իր ունեցվածքը: Մի քանի օր հետո կրտսեր որդին վերցրեց ամբողջ հարստությունը, գնաց հեռու երկիր եւ այնտեղ անառակ կյանք վարելով` մսխեց ամբողջ ունեցվածքը: Այդ երկրում սով տիրեց, եւ կրտսեր որդին սկսեց աղքատանալ: Այդ երկրի քաղաքացիներից մեկի մոտ ծառայության մտավ, ով ուղարկեց նրան իր ագարակը` խոզեր արածեցնելու: Նա նույնիսկ պատրաստ էր խոզերի կերած եղջերենու պտուղներով իր փորը լցնելու, սակայն ոչ ոք դա նրան թույլ չէր տալիս: Եվ երբ անդրադարձավ իր վիճակին, ինքն իրեն ասաց. «Քանի աշխատավորներ կան իմ հոր տանը, ովքեր իրենց պետք եղած կերակուրից ավելին ունեն, մինչ ես այստեղ սովամահ եմ լինում: Վեր կենամ գնամ հորս մոտ եւ ասեմ նրան. «Հա՜յր, մեղանչեցի Աստծո եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու: Ինձ համարիր քո ծառաներից մեկը»: Եվ վեր կացավ ու եկավ իր հոր մոտ: Տանից դեռեւս հեռու էր, երբ հայրը տեսավ նրան եւ վազելով ընդառաջ գնաց, գթաց, գրկեց եւ համբուրեց նրան: Որդին հորն ասաց. «Հա՜յր,մեղանչեցի Աստծո եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու»: Հայրն իր ծառաներին հրամայեց. «Անմիջապես բերեք լավագույն պատմուճանը եւ հագցրեք նրան, մատանի անցկացրեք նրա մատին եւ կոշիկներ տվեք նրան, բերեք պարարտ հորթը, մորթեք, ուտենք եւ ուրախանանք, որովհետեւ այս որդին մեռած էր, կենդանացավ, կորած էր, գտնվեց»:
Այս առակը մեր եկեղեցու հայրերը բազմիցս մեկնել են, ըստ որի` անառակ որդին մեղավոր մարդն է, որը հեռանում է Աստծո պատվիրանապահությունից եւ ապականվում սատանայի կողմից:
«Հայրը պատրաստ է ներել որդու ցանկացած մեղք, եթե զղջումը անկեղծ է: Միշտ պետք է հիշել, որ Աստված որպես սիրող հայր պատրաստ է միշտ ներելու: Աստծո համար բոլոր մարդիկ կարեւոր եւ սիրելի են` անկախ տարիքից, սեռից, սոցիալական վիճակից ու զբաղեցրած դիրքից: Սա պետք է գիտակցեն եւ իմանան բոլորը. եթե անգամ ամբողջ աշխարհը մերժում է քեզ` երկնավոր հայրը սպասում է»,- ասաց տեր Վազգեն քահանան:
Նրա խոսքերով անառակ որդին իր մեջ ուժ գտավ վերադառնալու` պատրաստ լինելով անգամ դասվել իր հոր աշխատավորների շարքը, քանի որ զղջումը անկեղծ էր, ինչը հայրը տեսավ նրա աչքերի մեջ եւ անգամ մի բառ չհասցրեց արտասանել եւ ներվեց: Եւ ոչ միայն ներվեց, այլ նաեւ վերականգնվեց իր նախկին փառքին եւ իշխանությանը:
«Մեր շրջապատում էլ շատ կան անառակ որդու նմաններ եւ մենք միշտ ուրախ պետք է լինենք ամեն մեկի դարձով: Բայց չմոռանանք նաեւ այն, որ եթե մենք ակնկալում ենք Աստծուց ներում, ապա մենք էլ պետք է պատրաստ լինենք ներելու նրանց, ովքեր մեր դեմ սխալներ են գործում»,- հավելեց Տեր Հայրը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
20.02.2016