ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի 44-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ:
2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 02.00-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի ճանապարհին տղամարդու դի է հայտնաբերվել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրի զննությամբ՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհից շուրջ 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է Վահագնի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Ն.Քոչինյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մշակվել է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, ձեռնարկվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին