2011-2015թթ. Ադրբեջանն ավելացրել է սպառազինության ներմուծումը 217 տոկոսով՝ համեմատած 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածի հետ: Այս մասին ասվում է Աշխարհի խնդիրների հետազոտման Ստոկհոլմի ինստիտուտի (SIPRI) զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ չնայած դեպի Եվրոպա սպառազինության ներմուծումը նվազել է, Ադրբեջանը շարունակում է մնալ խոշոր սպառազինություն ներմուծող երկիր:
Բացի այդ, 10 տարվա ընթացքում դեպի Մերձավոր Արևելք սպառազինության արտահանումը ավելացել է 61 տոկոսով: Մասնավորապես, վերջին 5 տարիների ընթացքում Սաուդյան Արաբիան դարձել է աշխարհում զենքի մատակարարման ծավալներով երկրորդ երկիրը: Զենքի ներմուծումը այդ երկիր 5 տարում ավելացել է 275 տոկոսով՝ համեմատած 2006-2010թթ. ընկած հատվածի հետ:
Նույն ընթացքում ԱՄԷ-ի կողմից զենքի գնման ծավալներն ավելացել են 35 տոկոսով, Կատարի կողմից՝ 279 տոկոսով: Եգիպտոսի կողմից զենքի ներմուծումը 10 տարվա ընթացքում ավելացել է 37 տոկոսով:
Կարդացեք նաև
5 տարվա արդյունքներով ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը դարձել են զենքի համաշխարհային շուկայում ամենախոշոր մատակարարները:
Ռուսական սպառազինության արտահանումը (կոմերցիոն և ոչ կոմերցիոն) 2011-2015թթ. ընկած ժամանակահատվածում 2006-2010թթ. համեմատությամբ աճել է 28 տոկոսով: Զեկույցում, սակայն, նշվում է, որ 2014-2015թթ. ռուսական սպառազինության արտահանումը կտրուկ նվազել է՝ հավասարվելով 2001-2006թթ. մակարդակին:
SIPRI-ի հետազոտությունն ուսումնասիրել է 2011-2015թթ. ընկած ժամանակահատվածը՝ համեմատելով 2006-2011թթ. հետ: Ընդ որում, զեկույցում հաշվի են առնվել միայն սպառազինության մատակարարման ընդհանուր ծավալները՝ շրջանցելով գործարքների ֆինանսական կողմը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ