«Դինամո» մարզադահլիճում կայացավ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի եւ հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության անդամ կազմակերպությունների միջեւ սեղանի թենիսի թիմային առաջնությունը, որը կազմակերպել էին արհմիության երիտասարդական թեւը եւ «Դինամո» մարզական ՀԿ-ն:
Մրցաշարը նվիրված էր Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունների 85-ամյակին, որին մասնակցեցին հանրապետությունում գործող 54 կազմակերպություններից 13-ի թիմերը: Հաղթողի կոչումը նվաճեց Ազգային վիճակագրական ծառայության թիմը: Նրան հաջորդեցին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Խարբերդի մասնագիտացված մանկատան թիմերը:
Արհմիության ճյուղային կազմակերպության նախագահ Անահիտ Ասատրյանը Aravot.am-ին ասաց, որ իրենք արդեն երեք տարի է, ինչ մարզական միջոցառումներ են կազմակերպում շախմատից եւ բոուլինգից, իսկ սեղանի թենիսը առաջին անգամ է ընդգրկվել ծրագիր: «Մենք երեք տարի աշխատում էինք երիտասարդական թեւ ստեղծելու ուղղությամբ: Անցած տարվա վերջին այն կայացավ եւ ահա սա նրա առաջին մարզական միջոցառումն է արհմիության անդամ կազմակերպությունների միջեւ: Մեր նպատակները մի քանիսն են. առողջ ապրելակերպը տարածելն ու զարգացնելը, սպորտի միջոցով կոլեկտիվներն ամրացնելը եւ նրանց մերձեցնելը, ինչի արդյունքում արդեն նրանք արհմիություններից դուրս իրենց համար առանձին մրցումներ են կազմակերպում»: Հարցին, թե մարզաձեւերի ընդգրկման շրջանակներն ընդլայնելու նպատակ կա՞, Անահիտ Ասատրյանը պատասխանեց. «Երիտասարդներից նոր առաջարկություններ ստացել ենք: Ցանկանում են ծրագիր մտցնել հեծանվային սպորտը, մարաթոնյան վազքը: Ճիշտ է, կազմակերպելը հեշտ չէ, բայց կանենք հնարավորը նրանց ցանկությունը բավարարելու համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ