Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք փոքր երկիր ենք, բայց պետք է ունենանք մեծ հավակնություններ ու նպատակներ»

Փետրվար 21,2016 21:22

«Այն, որ մեր երկրի վիճակը վատ է, բոլորը գիտեն: Տնտեսական դաշտում ունենք անկում ու նահանջ, սոցիալական դաշտում՝ զանգվածային գործազրկություն, սոցիալական թշվառություն, ահագնացող արտագաղթի տեմպեր, իրենց աշխատավարձով ընտանիքը պահել չկարողացող քաղաքացիներ, ծերացող հասարակություն, ամուսնալուծությունների աճ, որի հիմնական պատճառը սոցիալական իրավիճակն է, ծնելիության անկում, մահացության աճ: Քաղաքական դաշտում ունենք նահանջող ազատություններ, անկախ դատական համակարգի բացակայություն, կոռուպցիայի հետևողական աճ»,- այսօր՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարի  ժամանակ, ասաց նոր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նա հավատացրեց, որ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը քաղաքական, տնտեսական, սոցիալական և մյուս բոլոր ոլորտներում հանդես կգա նորարարական մոտեցումներով, գաղափարներով ու ծրագրերով:

«Հայաստանը կորցրել է իր մրցակցային առավելությունները ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում,- շարունակեց Ա. Բաղդասարյանը,- որովհետև անընդհատ ինքներս մեզ ասում ենք, որ փոքր ազգ ենք: Եվ փոքր լինելով՝ չենք դրսևորում նախաձեռնողական ներքին ու արտաքին քաղաքականություն: Արդյունքում՝ մենք ոչ միայն չենք կարողանում օգտվել տարածաշրջանում առկա հնարավորություններից, այլև հայտնվել ենք փակուղու մեջ: Մինչդեռ, մենք հնարավորություն ունեինք մի թռիչք, մի պոռթկում անելու ու մեր երկիրը տանելու որակապես նոր զարգացումների ճանապարհով:

Դրա համար «Հայկական վերածնունդ միավորում»-ն առաջարկելու է նախ՝ տնտեսական կյանքում մեծացնել տնտեսական ազատությունը, համառ ու հետևողականորեն պաշտպանել տնտեսական դիվերսիֆիկացիան, հետևողականորեն պայքարել տնտեսական օլիգոպոլիաների, մենաշնորհների, տնտեսական կոռուպցիայի դեմ: Այսօր պետությունը չի կարողանում օգնել գործարարին, ուրեմն պարտավոր է գոնե չխանգարել:

Չափազանց կարևոր է, որ Հայաստանը կարողանա ապահովել նաև իր մրցակցային առավելություններն արտաքին աշխարհի հետ հարաբերություններում: Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ստորագրվել են տասնյակ միջպետական համաձայնագրեր, բայց մենք, ցավոք, չենք կարողանում օգտվել այն հնարավորություններից, որոնք տալիս է մեզ միջազգային կազմակերպություններին անդամակցությունը: Չենք կարողանում, որովհետև մեզ պակասում է նախաձեռնողականությունը, համառությունը, նորարական գաղափարներն ու վճռականությունը: Մենք պետք է ի վերջո հասկանանք, որ Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում նստած՝ հայ ազգի դարդերի մասին չեն մտածում: Մենք պետք է լինենք համառ ու նախաձեռնող, որպեսզի մեր ազգային խնդիրներն ընկալելի դարձնենք արտաքին աշխարհի համար»:

«Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահը նշեց, որ արտաքին քաղաքական ճակատում իրենք հանդես են գալիս հայ-ռուսական համագործակցության հետևողական խորացման օգտին. «Մենք գտնում ենք, որ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում կարևորագույն դաշնակիցը եղել և մնում է Ռուսաստանի Դաշնությունը: Մենք պետք է կարողանանք խելամիտ լինելով, համատեղ ուժերով զարգացնել մեր անվտանգության ենթակառուցվածքները: Հայաստանում գործում է 102-րդ ռուսական ռազմաբազան: Կարծում ենք, որ հայ-ռուսական քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը պետք է լինի այդ բազայի կառուցվածքային և արդյունավետ արդիականացումը, ժամանակակից սպառազինություններով համալրումը: Դա ՀՀ-ի անվտանգության ապահովման կարևորագույն բաղկացուցիչներից մեկը կարող է հանդիսանալ»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Կարևորելով հայ-ռուսական համագործակցությունը՝ նա ընդգծեց նաև այլ երկրների հետ համագործակցության խորացման կարևորությունը. «Հայ-իրանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, բայց մենք նորից նստած սպասում ենք՝ շարունակելով դուրս մնալ տարածաշրջանային ծրագրերից: Մինչդեռ, հսկայական գումարներ են մտնում Վրաստանի պետբյուջե՝ միայն տարանցիկ երկիր լինելու շնորհիվ: Այսօր մենք հիանալի հնարավորություն ունենք դառնալու կապող օղակ, խորացնելու համագործակցությունը մեր հարևանների հետ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ծրագրերի իրականացման միջոցով»,- նշեց Ա. Բաղդասարյանը:

Նա կարևորեց նաև հարաբերությունների խորացումը Եվրամիության հետ. «Մենք, ի վերջո, եվրոպական ժողովուրդ ենք: Պետք է հասկանանք, որ եվրասիական տարածքը չի կարող նպաստել Հայաստանում ժողովրդավարության խորացմանը, անկախ դատական համակարգի ձևավորմանը, քաղաքացիական հասարակության ու քաղաքական կառույցների արդիականացմանը: Ցավոք, այստեղ ևս հետընթաց ունենք: Մենք փոքր երկիր ենք, բայց պետք է ունենանք մեծ հավակնություններ ու նպատակներ»,- ընդգծեց Ա. Բաղդասարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29