Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորում գրանցված ընկերությունը դատի է տվել Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը. փաստաբան

Փետրվար 21,2016 21:14

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը դատի տված «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունը օֆշորային գոտում գրանցված ընկերություն է: Այս մասին Aravot.am-ին ասաց դատարանում ընկերության ներկայացուցիչ՝ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունն ընդդեմ «Ալեքս գրիգ» եւ «Ա եւ Գ» ընկերությունների գործը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է: «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ապրանքանիշը «Ա եւ Գ» ընկերությունն անօրինական ճանապարհով օգտագործում է ու այդ ապրանքային նշանով օղիներ արտադրում: Իսկ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունն էլ իրացնում է այդ օղիները: «Պառլամենտ Դիստրիբյուշնը» պահանջում է չարտադրել ու չիրացնել իրենց ապրանքանիշով օղիներ:

«Հայցվոր կողմը օֆշորում գրանցված ինչ-որ մի անհայտ ընկերություն է, իսկ օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների հանդեպ կասկած կա, թե արդյոք դա ում է պատկանում: Հնարավոր է, որ սա պատվեր է ընդդեմ «Ալեքս Գրիգի»: Ես շատ վատ կզգայի ինձ, եթե դա լիներ դրսի ինչ-որ օլիգարխի պատվեր, որովհետեւ գաղտնիք չէ, որ ՌԴ-ում օղու արտադրությունը կենտրոնացվում է, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ն ՌԴ-ի համար ընդամենը մի մարզ է, իսկ վաղը չէ մյուս օրը կարող են մուտք գործել Հայաստան, որովհետեւ իրենց մոտ ինքնարժեքը շատ էժան է: Հնարավոր է՝ դադարեցվի այստեղ օղու արտադրությունը, իսկ դա մեզ համար մեծ վնաս է, առաջին հերթին չի աշխատի սպիրտի գործարանը, լուրջ խնդիրներ կառաջանան թե հարկերի, թե մեր ազգային բրենդի եւ թե աշխատատեղերի փակման իմաստով»,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա՝ «Ալեքս Գրիգին» դատի տալու ոչ մի անհրաժեշտություն չկար, որովհետեւ այդ հարցը հնարավոր էր լուծել նաեւ արտադատական կարգով. «Տպավորություն ունեմ, որ ուզում են եւս մի անգամ բարձրաձայնել Ալեքսանյանի անունը, բայց վատ իմաստով: Հայցվոր կողմն ընդհանրապես պետք է դատարան չդիմեր, եթե նախապես ծանուցեր, ապա արտադատական ճանապարհով կլուծվեր հարցը, վերջանա: Այդ ընկերության տարաձայնությունները պետք է լինեին միայն արտադրող կազմակերպության՝ «Ա եւ Գ» ընկերության հետ, այլ ոչ թե իրացնող «Ալեքս Գրիգի» հետ: Իհարկե, օրենքն այդ հնարավորությունը տալիս է, որ վաճառողին էլ արգելեն, բայց եթե չարտադրեն, վաճառող էլ չի լինի»:

Պարոն Հովհաննիսյանի խոսքով, «Ալեքս գրիգը» տեղյակ չէ՝ օրինակ «Պառլամենտ Դիստրիբյուշնը» այլ ընկերություններին թույլտվություն տվե՞լ է իր ապրանքանիշն օգտագործել, թե ոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29