Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ողջ աշխարհին համբուրած կինը

Փետրվար 21,2016 18:32

Besame Mucho երգը (թարգմանաբար՝ համբուրիր ինձ ամուր), որ համարվում է 20-րդ դարի 10 ամենահիթային ստեղծագործություններից մեկը, վաղուց ձայնագրվել է 120 լեզուներով, հնչել աշխարհի 100 եւ ավելի երկրում, թողարկվել 100 մլն տպաքանակով: Besame Mucho-ն կատարել են այնպիսի մեգա աստղեր, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Ֆրենկ Սինատրան, Լուի Արմսթրոնգը, Էլլա Ֆիցջերալդը, Պլասիդո Դոմինգոն:

«Համբուրիր ինձ ամուր, ասես սա վերջին գիշերն է»,- երգել են անվանի արտիստները՝ չկասկածելով, որ էրոտիկ այս երգի հեղինակը ընդամենը 15-ամյա աղջնակ է, որը չի էլ ճաշակել համբույրի քաղցրությունը: Խոսքը մեքսիկուհի Կոնսուելո Վելասկեսի մասին է, որը 4 տարեկանից դաշնամուր էր նվագում, իսկ 15-ում արդեն դաշնամուրի դասեր տալիս ուրիշներին: Գրելով այս երգը՝ նա մտքի ծայրով անգամ չի անցկացրել, որ այն  իրենից ավելի հանրահայտ է լինելու:

Կոնսուելոն  այս երգը գրել է՝ ոգեւորված մեքսիկացի կոմպոզիտոր Էնրիկե Գրանադոսի՝ Գոյայի ստեղծագործություններից ազդված կոմպոզիցիայից: 1941 երգը գրելուց հետո աղջիկն այն անանուն ուղարկել է մրցույթի եւ ռադիոյից տեղեկացել, որ գրավել է առաջին տեղը: Նույն թվականին էլ Besame Mucho-ն առաջին անգամ հնչել է ռադիոյով, ապա՝ 1944-ին կատարվել Ջիմի Դորսիի ու նրա նվագախմբի նվագակցությամբ՝ ամերիկյան երաժշտական հիթ-շքերթում զբաղեցնելով առաջին տեղը:

Երբ Կոնսուելոն գրում էր Besame Mucho-ն, երազում էր համբույրի մասին, նա չգիտեր էլ, որ այդ երգն իրեն նաեւ անձնական երջանկություն է բերելու: Մի քանի տարի անց աղջիկն ամուսնացավ այն ռադիոկայանի տնօրենի հետ, որի ղեկավարած ռադիոյի եթերում առաջին անգամ հնչեց իր Besame Mucho-ն: Հետագայում Կոնսուելոն իր երկրում ճանաչված կոմպոզիտոր դարձավ՝ հեղինակելով ավելի քան 200 ստեղծագործություն՝ սոնատներ, օրատորիաներ, սիմֆոնիաներ, անգամ Մեքսիկայի կոմպոզիտորների միության նախագահ, մեքսիկական պառլամենտի անդամ ընտրվեց, բայց ճանաչված մնաց որպես Besame Mucho երգի հեղինակ:1.

Ըստ www.kulturologia.ru կայքի, 1970-ին Վելասկեսը ընտրվել է նաեւ  Չայկովսկու անվան մրցույթի ժյուրիի անդամ: Ընդ որում, օդանավակայանից  քաղաք գալու ճանապարհին Besame Mucho սուլող տաքսու ռուս վարորդը, երբ իմացել է, որ իր ուղեւորը հանրահայտ երգի հեղինակն է, հրաժարվել է նրանից գումար վերցնել: Ռուսաստանում երգը հայտնի է դարձել հատկապես Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքների չի հավատում» օսկարակիր ֆիլմից հետո, որտեղ  եւ հնչում է:

Կոնսուլո Վելասկեսը մահկանացուն կնքել է 2005-ին: Նա մահից առաջ  հպարտությամբ ասել է. « Besame Mucho երգի շնորհիվ ես համբուրել եմ ողջ աշխարհը…Ոչ բոլորին է դա հաջողվել»:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29