Եվրոպայի առաջնության ավարտից հետո «Առավոտին» տված հարցազրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ասել էր, որ մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք վաղուց ունի, իսկ մեր Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը եւ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը ուղեգրի համար դեռ պետք է պայքարեն «Bavarian Open» հեղինակավոր մրցաշարում: Ընդորում, հայաստանյան զույգը դա պետք է աներ կարճ ծրագրում:
Թինան եւ Սիմոնը կատարել են առաջադրանքը՝ գերազանց հանդես գալով Բավարիայում: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կարճ ծրագրի կատարումից հետո զույգը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ Բոստոնում անցկացվելիք աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունքի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ