Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞  համար եմ ե՛ս պատասխանատու

Փետրվար 20,2016 22:06

Վերջերս «կոալիցիոն գործընթացների» հետ կապված մոդայիկ է դարձել պատասխանատվության հարցը՝ «վերցնենք պատասխանատվություն», «կիսենք պատասխանատվություն» , «ծանր բեռը՝ մեր ուսերին» եւ այլն: Տարբեր ճամբարների քաղաքական գործիչները խոսում են ինչ-որ «քառակուսի» բանաձեւերով՝ առանց խորանալու իրենց ասածի իմաստի մեջ: Դա, իմ կարծիքով, «գաղջ մթնոլորտի» բաղկացուցիչ մասն է:

Բայց այս պահին ես չեմ ցանկանում նրանց մեղադրել եւ ուզում եմ բոլորովին այլ հարց տալ՝ պատասխանատու զգալու համար մի՞թե պարտադիր է լինել նախարար կամ պատգամավոր: Իսկ ո՞րն է պատասխանատվության ի՛մ բաժինը: Ես ամեն օր գրում եմ առնվազն մի հոդված եւ երկու տեքստ եթերի համար, օրեր են լինում՝ ավելի շատ: Շաբաթը երկու անգամ խոսում եմ ուսանողների առաջ, անում եմ զանազան այլ գործեր: Այդ ինչո՞ւ է հանկարծ ստացվում, որ ես «գաղջ մթնոլորտի» համար պատասխանատու չեմ: Եթե ես չեմ կարող այդ մթնոլորտը 0,0001 տոկոսով ավելի պայծառ դարձնել, ինչի՞ց եմ բողոքում եւ ինչո՞ւ եմ մեղքը գցում իշխանավորների եւ քաղաքական գործիչների վրա: Ուրեմն, ե՛ս եմ իմ գործում ինչ-որ տեղ թերանում:

…Վերջերս համացանցում սկսեցի դիտել «Բարձր գրականություն» շարքը: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացնում է իրենց՝ «Անտարես» հրատարակչությունում լույս տեսած գրքերը եւ դրանց հեղինակների՝ Էլիոթի, Օրուելի, Էկոյի, Կոելիոյի մասին խոսում է որեւէ մտավորականի հետ, որը սիրում է այդ գրողի գործերը: Կարծում եմ, «գաղջ մթնոլորտը» ցրելու առումով խիստ պատասխանատու շարք է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    ՝՝մի՞թե պարտադիր է լինել նախարար կամ պատգամավոր: Իսկ ո՞րն է պատասխանատվության ի՛մ բաժինը:՝՝

    Իմ պատկերացմամբ՝ պատասխանատվությունն այն է,երբ ինքդ քեզ վրա վերցնում ես հնարավորություններիդ համապատասխան չափով գործեր ու լծվում դրանց իրականացմանը, իսկ անպատասխանատվությունը՝ նույնն է հանցագործությունը, այն է, երբ հնարավորություններիցդ պակաս կամ ավել գործեր ես բռնում: Ի դեմս հարգելի խմբագրի, մեր մտավորականությունը, օրինակ, շատ ավելի մեծ գործեր կանի իր ժողովրդի համար, եթե դառնա պատգամավոր կամ նախարար, որը միանգամայն նրա հնարավորությունների սահմաններում է, բայց նա դրա մասին անգամ չի էլ մտածում, դրանով նրա անպատասխանատվության աստիճանը ոչնչով պակաս չէ այսօրվա անմակարդակ նախարար պատգամավորների անպատասխանատվության աստիճանից:

  2. Մարգար Մախսուդյան says:

    == Բայց այս պահին ես չեմ ցանկանում նրանց մեղադրել եւ ուզում եմ բոլորովին այլ հարց տալ՝ ==
    == ինչի՞ց եմ բողոքում եւ ինչո՞ւ եմ մեղքը գցում իշխանավորների եւ քաղաքական գործիչների վրա:==
    Հարգելի հեղինակ, գրելով վերը նշածս տողերը, ըստ իս՝ Դուք արդեն մեղք եք գործում և նպաստում, որ մեզ բոլորիս պատած գաղջը այդպես էլ չցրվի ու թարմ օդ այդպես էլ չշնչենք, կամ համենայնդեպս նպաստում եք, որ դա հնարավորինս ուշ լինի:
    Եկեք ճշտենք. արդյո՞ք դուք եք / նկատի ունեմ մամուլի բոլոր նվիրյալներին / խոստացել, որ աշխատավարձերը 2 անգամ կբարձարացնեք, արտագաղթը կփոխարինեք ներգաղթով, արդար ու թափանցիկ ընտրություններ կկազմակերպեք, դատական համակարգը կդարձնեք իրոք արդարադատություն իրականացնող իշխանություն, քաղբանտարկյալներ չեն լինի, կնվազեցնեք կոռուպցիայի մակարդակը, ատկատների ու տնտեսական մենաշնորհի դեմ արդյունավետ պայքար կմղեք… և այլն, և այլն:
    Որպեսզի դուք կարողանաք ՛՛այդ մթնոլորտը 0,0001 տոկոսով ավելի պայծառ դարձնել՛՛, ձեզանից պահանջվում ընդամենը մեկ պարզ բան. Կոչե՛լ իրերն իրենց անուններով, իսկ եթե դա ինչ-ինչ պատճառներով չեք կարողանում անել, կարիք չկա կեղծ թիրախներ մատնանշելու:
    Իսկական մեղավորները նրանք են, որվքեր խոստումներ են տալիս, տիրապետում են պետական կառավարման լծակներին և օրենսդիր մարմին ձևավորելու փոխարեն ստեղծում են մի էկլեկտիկ փեթակ, որի կեսից ավելին բոռեր են և կհավակնեն համալրելու տգետների և քյալերի ակումբը, եթե այդպիսին լիներ:
    Իսկ Դուք ասում եք…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29