«Ադրբեջանն իր գործողություններով փաստացի ճանաչում է Լեռնային Ղարաբաղի՝ առանձին պետություն լինելու փաստը: Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին բողոք ներկայացնելը ԼՂՀ-ի դատական իշխանության դեմ միայն դա է նշանակում», -ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր կայացած ասուլիս-քննարկման ժամանակ:
Հայաստանում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հարազատները դիմել են ՄԻԵԴ՝ դատապարտվածներին ազատ արձակելու կամ Ադրբեջան տեղափոխելու հարցով և մերժում են ստացել:
«ՄԻԵԴ-ում գործի քննումը մերժվում է միայն այն ժամանակ, երբ այն պատշաճ ձևով չի ներկայացվում դատարան, կամ էլ չի լինում վերաքննության կարիք»,- բացատրում է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը:
Ադրբեջանը առաջարկել է Հայաստանում դատապարտված դիվերսանտներին փոխանակել դեռևս պատերազմի տարիներից Ադրբեջանում պահվող հայ պատանդների հետ: «Այժմ մենք փաստացի ոչ մի տեղեկություն չունենք այն մասին՝ արդյոք այդ պատանդները իրոք գոյություն ունեն, թե ոչ: Այնուամենայնիվ, պատերազմի տարիներին անհետ կորածների մասին տեղեկություն ստանալը լուրջ հարց է, և հարկավոր է քայլեր ձեռնարկել նման հայտարարության իրավացիությունը ճշտելու և հաստատման դեպքում՝ պատանդներին Հայաստան վերադարձնելու համար», -ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Բանախոսների համոզմամբ՝ այս առթիվ պիտի կայանա բանակցություն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Նրանց կարծիքով՝ Հայաստանի՝ բանակցությունում որպես երրորդ կողմ հանդես գալը օրհասական խնդիր է:
Կարդացեք նաև
Բանախոսները հայտնեցին, որ Ադրբեջանից ներկայացուցիչներ կարող են գալ դիվերսանտներին տեսակցության՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, ուղարկել ծանրոցներ, որոնք մանրամասնությամբ զննվելուց հետո կհանձնվեն բանտարկյալներին: Մելիք-Շահնազարյանը ընդգծեց միջազգային խոշոր իրավական և հասարակական կազմակերպությունների ներգրավվածության կարևորությունը նման գործընթացներում:
Լարիսա Ալավերդյանը պնդում է, որ միջազգային իրավական հասարակությունն այսօր կանգնած չէ Ադրբեջանի կողքին, քանի որ «նա բացահայտ դեմ է գնում մարդու իրավունքներին և քաղաքակիրթ աշխարհի օրենքներին»:
«Ադրբեջանն այսօր իրեն թույլ է տալիս գնալ այնպիսի քայլերի, որին գնալ չի կարող Թուրքիան, սակայն դա անում է ամենացինիկ ձևով՝ նմանվելով Իսլամական Պետությանը: Դրա վառ ապացույցն է Կարեն Պետրոսյանին վերաբերող տեսանյութի տեղադրումը համացանցում: Այն նույն վախ և խուճապ սփռելու ցուցադրական ենթատեքստն է կրում, ինչ ԻՊ տարածած տեսանյութերը», ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպանը:
Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ