ՅՈՒՆԵՍԿՕ-ն արձանագրել է, որ աշխարհի շուրջ 40 լեզու այսօր պահպանության խնդիր ունի: Հայերենը, բարեբախտաբար, այդ ցանկի մեջ չէ: Բարեբախտաբարը, սակայն, արևելահայերենին է վերաբերում, իսկ ահա արևմտահայերենի դեպքում մտահոգվելու բան կա. մեր լեզվի այս ճյուղը պահպանության առումով վտանգված է:
«Արևելահայերենն ու արևմտահայերենը հայերենի երկու մեծ ճյուղերն են, որոնք մեր մեծագույն ձեռքբերումներն են: Եվ եթե չկարողանանք պահպանել դրանք, լուրջ կորուստներ կունենանք լեզվամտածողության ու լեզվաքաղաքականության մեջ»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
Նա կարծում է, որ հայերենի պահպանման և զարգացման համար պետք է օրենսդրական փոփոխություններ ու լրացումներ կատարվեն «Լեզվի մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում:
Լեզվի պետական տեսչության պետը գտնում է, որ պետք է ստեղծել լեզվի հարցերով զբաղվող պետական մարմին, որը կզբաղվի ոչ թե լեզվի վերահսկողությամբ, այլ կառուցողական խնդիրներով. «Լեզվի տեսչությունը վերահսկող մարմին է և չի կարող զբաղվել կառուցողական հարցերով: Մինչդեռ, մենք պետք է օգնենք, որ մեր լեզուն անընդհատ զարգանա, պետք է կարողանանք մեր մայրենին պաշտպանել փողոցային, գրական հայերենին անհարիր լեզվախոսվածքից»,- նշեց նա:
Կարդացեք նաև
Նկատելով, որ մայրենի լեզվի պահպանությունը 21-րդ դարի գերխնդիրներից մեկն է՝ Ս. Երիցյանն ընդգծեց, որ այն պետք է պաշտպանված լինի ամեն օր և յուրաքանչյուրիս կողմից. «Մենք հաճախ մեր հայացքը հառում ենք պետական և այլ մարմինների՝ մոռանալով, որ լեզվի արարումն ու պահպանումը կատարվում է ամեն մեկիս ընտանիքում: Եթե այդ առաքելությունը բոլորիս տներում կարողանան կատարել մայրիկները, պապիկներն ու տատիկները, ապա մայրենին զգալիորեն պաշտպանված կլինի: Հաջորդ կարևոր դերն այստեղ, իհարկե, մանկապարտեզներինն ու դպրոցներինն է»,- նշեց Ս. Երիցյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ