2017-ին գործարկվում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգիծը, ինչպես նաեւ` Իրան-Ադրբեջան-Վրաստան ուղղությունը եւ Հայաստանը հայտնվում է լիակատար շրջափակման մեջ: Սա «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հնարավոր սցենարն է, որը, ըստ նրա, կարող է իրականանալ առաջիկա տասը տարում: Իր հոռետեսական այս սցենարում Արա Պապյանը նաեւ կանխատեսում է՝ Թուրքիան կտրոհվի, կստեղծվի քրդական պետություն ողջ Արեւմտյան Հայաստանում, բնույթով՝ ուժեղ կրոնական, բայց հակահայ:
Ըստ սցենարի, ՌԴ-Արեւմուտք հարաբերությունները կմնան դիմակայության փուլում, ՌԴ-ին չի հաջողվի դուրս գալ տնտեսական ճգնաժամից: ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի կունենան ռուս-թուրքական ռազմական բախումներ, կակտիվանա Ղարաբաղի ռազմաճակատը: Հայաստանում կշարունակվի բնակչության արտագաղթը, ծերացումն ու բարոյալքումը: Հայաստանի արտաքին պարտքը կշարունակի աճել, վարկատուներն էլ կդադարեն վարկեր տրամադրել Հայաստանին:
«Քանի որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ կյանքի կոչեն այս տարբերակը, ապա այս սցենարը համարում եմ ամենահավանական սցենարը»,- այսօր «Նոր Հայաստան» ճակատի նախաձեռնած «Փոթորկուն տասնամյակը եւ Հայաստանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արա Պապյանը:
Նա լավատեսական սցենար էլ ներկայացրեց, ըստ որի. « Թուրքիան տրոհվում է, եւ ստեղծվում է քրդական պետություն՝ Վանից հարավ ընկած հատվածում: ՀՀ-ն իր իշխանությունն է հաստատում Կարսի մարզի վրա, եւ Հայաստանն հաջողվում է դատավարությունների ու քաղաքական համաձայնությունների արդյունքում Թուրքիայից կորզել միլիոնավոր գումարների փոխհատուցում, որոնք ուղղվում են ՀՀ տնտեսական զարգացմանը, ժողովրդի բարեկեցության բարձրացմանը եւ բազմազավակության խրախուսմանը: Բայց քանի որ այս սցենարը պահանջում է տեւական աշխատանք իշխանությունների կողմից, ինչը չեմ տեսնում, հետեւաբար, այս սցենարի իրականացումը համարում եմ միջինից ցածր»:
Կարդացեք նաև
Արա Պապյանն իր մյուս սցենարն էլ հարաբերականորեն անվանել է՝ չափավորական սցենար, ըստ որ. «Թուրքիան տրոհվում է, եւ ստեղծվում է քրդական պետություն ողջ Արեւմտյան Հայաստանի վրա: Այն բարեկամական վերաբերմունք ունի ՀՀ-ի նկատմամբ: ՀՀ-ն նախաձեռնում է մի շարք դատավարություններ Թուրքիայի դեմ, Նախիջեւանը դադարում է Թուրքիայի հետ աշխարհագրական սահման ունենալուց, եւ ՀՀ-ն, միջազգային աջակցությամբ, իր վերահսկողության տակ է վերցնում Իրան-Նախիջեւան-Հայաստան երկաթգիծը:
Այս տարբերակի իրականացման համար իշխանություններին ավելի քիչ ռեսուրս է պետք, հետեւաբար սրա իրականացումը համարում եմ միջինից բարձր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ