84 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի գրող Ումբերտո Էկոն: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով իտալական La Repubblica թերթը: Էկոն մահացել է ուրբաթ երեկոյան՝ փետրվարի 19-ին, սեփական տանը: Այլ մանրամասներ գրողի մահվան վերաբերյալ չեն հաղորդվում:
Ումբերտո Էկոն ծնվել է Իտալիայի Ալեսսանդրիա քաղաքում 1932թ. հունվարի 5-ին: 1954թ. ավարտել է Թուրինի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է միջնադարյան փիլիսոփայություն և գրականություն:
1980թ. լույս է տեսել նրա «Վարդի անունը» վեպը, որը դարձել է բեսթսելեր և գրողին հռչակ բերել ամբողջ աշխարհում: Ի դեպ, վեպը թարգմանվել է նաև հայերենով:
Ումբերտո Էկոն եղել է գիտնական, զանգվածային մշակույթի մասնագետ, աշխարհի խոշորագույն մրցանակների դափնեկիր, Մեծ խաչի և Պատվո Լեգիոնի դափնեկիր, գիտական և գրական ամսագրերի հիմնադիր և ղեկավար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ