Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Հովհաննիսյան. «ԱՊՊԱ-ի նոր կարգում ռիսկեր կան»

Փետրվար 20,2016 11:49

«Սա մեր կարծիքով շատ կարեւոր քայլ էր Երեւան քաղաքի երթեւեկության մեջ խցանումներից խուսափելու եւ կտրուկ նվազեցնելու դրանք: Ասեմ, որ մինչեւ 50.000 դրամի չափով ավտովթարների պատճառով գոյացած խցանումների թիվը կազմում է ընդհանուրի 20-25%-ը»,- «Երկու երես» մամուլի ակումբում անդրադառնալով մարտի 1-ից ուժի մեջ մտնող ԱՊՊԱ-ի նոր բարեփոխված կանոններին, ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նշենք, որ նոր կարգով ուժի մեջ է մտնելու պատահարների մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող՝ համաձայնեցված հայտարարագրի ձեւը: Եթե ավտոպատահարների արդյունքում մեքենային հասցված ընդհանուր վնասի չափը չի գերազանցում 50 հազար դրամը, մասնակից վարորդները կարող են չսպասել ապահովագրական ընկերությունների մասնագետներին եւ հեռանալ պատահարի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագրի ձևը եւ լուսանկարելով պատահարի մանրամասները:Haytararagir

Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ եթե այս ձեւն իրեն արդարացնի, 50.000 դրամի շեմը կարող է ավելացվել: Նա ասաց, որ այս օրերին իրենց անընդհատ հարցնում են, թե չե՞ն լինի արդյոք կեղծիքներ, արհեստական վթարներ. «Երեւի կլինեն, բայց մենք չենք կարծում, որ մինչեւ 50 հազար դրամի չափով արհեստական վթար սարքելն այդքան էժան կնստի սարքողների վրա: Փորձագետների կողմից շատ հեշտ պարզվում է, թե արդյոք պատահարը եղել է ընթացքի ժամանակ կամ ուրիշ տեղ խփել են ու բերել կանգնեցրել են ուրիշ տեղ»:

Նա հայտարարեց, որ ապահովագրական ընկերություններն այս եւ այլ ռիսկեր վերցնում են իրենց վրա. «Օրինակ` վարորդի ոչ սթափ լինելու դեպքում, բնականաբար, չեն փոխհատուցի: Ռիսկեր կան եւ նրանք վերցրել են իրենց վրա: Հետագայում դա երեւի որոշ չափով կկարգավորվի»:

Իսկ եթե վարորդները չեն ընդունում իրենց մեղքը, գործելու է հին կարգը եւ պետք է ժամանեն ապահովագրական ընկերության աշխատակիցները: Էդուարդ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ նոր կարգով մեքենաները վթարի դեպքում 5 րոպե պետք է կանգնած մնան, մինչեւ լրացվի ձեւաթուղթը. «Իսկ հին կարգի ժամանակ երթեւեկելի մասն ազատելը տեւում էր 1-2 ժամ»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29