Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ նախագիծը լրացուցիչ հնարավորություն կտա ԱՊՊԱ ընկերություններին՝ վարորդներին խաբելու. «Հայոց աշխարհ»

Փետրվար 20,2016 11:07

Օրերս կառավարության հաստատմանն է ներկայացվել ԱՊՊԱ-ի վերաբերյալ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարզեցնել ավտոտրանսպոտային պատահարի մասնակից վարորդների կողմից լրացվող համաձայնեցված հայտարարագրի ձեւը՝ դրանում ներառելով առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացվող հայտարարագիրը:

Հայտարարագրի այդ ձեւից կօգտվեն մինչեւ 50 հազար դրամ վնասի չափով պատահարների մասնակիցները, ովքեր փաստորեն կկարողանան առանց ապահովագրական ընկերության կամ պետավտոտեսչության աշխատակիցների ներկայության եւ նրանց հետ համաձայնության լրացնել տվյալ հայտարարագիրը, որից հետո հեռանալ պատահարի վայրից՝ հետագայում բոլոր հարցերը կարգավորելով արդեն ապահովագրական ընկերության հետ:

Ասել է թե՝ վարորդները միմյանց հետ պետք է հարցը որոշեն. արձանագրեն պատահարը՝ ձեռքի տակ ունեցած լուսանկարահանման հնարավորություններով վթարը եւ վնասված մեքենաները լուսանկարելով, ինչպես նաեւ մոտավոր հաշվարկելով, թե որքան է վթարի հետեւանքով տուժած կողմի կրած վնասը՝ իբրեւ փորձագետներ, որոշեն, թե ով է վթարի մեղավորը եւ իրար ձեռք սեղմելով հեռանան՝ հետագայում արդեն ԱՊՊԱ աշխատակիցների ներկայությամբ հարցը լուծելու համար: ԱՊՊԱ ընկերությունն արդեն, ըստ արված լուսանկարների, կորոշի՝ ճի՞շտ են գնահատել վնասի չափը, եւ ըստ այդմ էլ կհատուցի այն:

Նախագծի նպատակը, ըստ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի, պատահարների պատճառով խցանումների քանակի նվազեցումն է: Քանի որ ավտոճանապարհային պատահարներից հետո դրա մասնակիցները երկար ժամանակ սպասում են ԱՊՊԱ-ի ներկայացուցիչների ժամանմանը, ճանապարհները երկարատեւ խցանվում են, անհարմարություններ, երբեմն էլ վթարային վիճակներ ստեղծում երթեւեկության համար: Արթուր Ջավադյանը, հաշվի առնելով, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ մինչեւ 50 հազար դրամի վթարները կազմում են ընդհանուր վթարների 20 տոկոսը, ակնկալում է, որ այս նախագծի ընդունմամբ եւ կիրառմամբ ավտովթարների պատճառներով առաջացող խցանումները նույնպես 20 տոկոսով կկրճատվեն:

Որքանո՞վ կարող է նախագիծն արդարացնել նման սպասելիքները, թերեւս ցույց կտա ժամանակը, սակայն «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշում է, որ նախագիծը կա՛մ անարդյունավետ մեխանիզմ է լինելու, կա՛մ էլ լրացուցիչ հնարավորություն է տալու ԱՊՊԱ ընկերություններին՝ վարորդներին խաբելու եւ պատահարների հետեւանքով կրած վնասների համար թերավճարելու համար։

«Առանց այդ էլ ապահովագրական ընկերությունները վերջերս հատուկ ռազմավարություն են մշակել՝ վարորդներին կրած վնասից զգալիորեն քիչ գումար հատուցելով: Կարծում եմ՝ նախագիծը կարող է հերթական գործիքը դառնալ՝ վարորդների վնասներն ըստ իրենց չափի չհատուցելու համար:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29