Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը խանդո՞վ չի վերաբերում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համագործակցությանը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 20,2016 10:50

«Հայկական ժամանակ» թերթի հարցերին պատասխանել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Ինչպե՞ս եք վերաբերում Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ անհրաժեշտ է նախընտրական դաշինք ստեղծել, որպեսզի հնարավոր լինի հաջողության հասնել:

– Համագործակցության, միավորման տեսանկյունից եթե դա օգնելու է երկրում ինչ-որ բան առաջ տանելուն, միանշանակ դրական ենք վերաբերում: Քննարկումներ կլինեն, որոշումներ կլինեն: Որոշումներ կընդունի արդեն ՀՎ կառավարման խորհուրդը: Ընդհանուր տեսանկյունից դրական ենք գնահատում եւ հարգանքով ենք վերաբերում Հրանտ Բագրատյանին, որն այս երկրում ճանապարհ անցած քաղաքական գործիչ է:

– Իսկ ինչո՞ւ եք փոխում ՕԵԿ անվանումը եւ ընտրում ՀՎ անունը:

– Այս գործընթացի հիմքում դրված չէ այն փիլիսոփայությունը, որ ՕԵԿ-ն է, իսկ մյուս կուսակցությունները գալիս են միանալու մեզ: Ոչ: Փիլիսոփայությունն այն է, որ քաղաքական ուժերն են, այդ թվում նաեւ՝ ՕԵԿ-ը: Իհարկե, դա Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությունն է, բայց բոլոր քաղաքական ուժերը համատեղ կերպով ձեւավորում են միավորում, այնուհետեւ քննարկումներով որոշում են, թե ինչպես պետք է շարունակեն աշխատել քաղաքական դաշտում: Եվ եղավ որոշում՝ ձեւավորել նոր կուսակցություն՝ «Հայկական վերածնունդը»: Սա նոր ֆորմատը է Հայաստանում, երբ կուսակցությունները հավաքվում եւ նոր կուսակցություն են ձեւավորում: Օրենքով դա ամրագրված է, բայց նախադեպը չի եղել:

– Կարծիք կա, որ դուք պարզապես ցանկանում եք ձերբազատվել ՕԵԿ անվան բացասական համբավից:

– Ոչ, դրանք անմիտ կարծիքներ են: Միավորման այս ձեւաչափն ու գաղափարը ՀՀ վերածնունդն է, սա է բերել անվան ընտրությանը: Անվան ձեւավորումը եղել է համատեղ քննարկումների արդյունքում:

– Ի դեպ, ձեզ մեղադրում են այդ անվանումը գողանալու մեջ:

– Ամեն մեկը կարող է խոսել՝ ինչ ուզում է: Դա նույնն է, որ Արարատ անունի համար մեկը մյուսին մեղադրի: Ի վերջո, ՕԵԿ-ն իր ստեղծման օրվանից խոսել է բարեփոխումների, նորարարության մասին, վերածնունդի ու նոր Հայաստանի մասին: Սա մեր անցած քաղաքական ճանապարհի կարեւորագույն տեսլականներից մեկն է: Երկրում անհրաժեշտ է քաղաքացու ներուժի բացահայտման, վերածնման մեխանիզմ:

– Իսկ ՀՎ կուսակցության նախագահը Արթուր Բաղդասարյա՞նն է լինելու:

– Համագումարը կընտրի նախագահին: Պարոն Բաղդասարյանը նախաձեռնողն է: Իսկ այս գաղափարներն ու մոտեցումները միանշանակ բոլոր քաղաքական ու հասարակական ուժերի կողմից ընդունվում ու շատ բարձր են գնահատվում:

– Շարունակելո՞ւ եք համագործակցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, հիմա նաեւ՝ նրա «Ազգային միասնություն» շարժման հետ: Կարծիք կար, որ դուք պետք է լինեիք նրա քաղաքական հենարանը:

– Կան շատ նորմալ հարաբերություններ, այսօրվա դրությամբ խոսքը վերաբերում է համապատասխան շարժմանը, ինչպես նաեւ ֆորումներին: Համագործակցության եզրեր կան, ես կարող եմ ասել, որ ցանկացած դեպքում մենք հակադիր դաշտերում չենք աշխատելու: Մնացածը հետո կերեւա:

– Իսկ ՕԵԿ-ը խանդո՞վ չի վերաբերում Հանրապետական եւ Դաշնակցություն կուսակցությունների համագործակցությանը: Չէ՞ որ նախկինում դուք նույնպես նրանց հետ նույն կոալիցիայում էիք:

– Բացարձակապես: Նման բան չի կարող լինել:

– ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քննարկում են, իրենց բառերով ասած՝ երկարատեւ, ապագային միտված համագործակցության հարցը: Հնարավո՞ր է, որ դուք էլ այդ համագործակցությանը միանաք արդեն 2017թվականի ընտրություններից հետո:

– Այսօր մենք նման խնդիր չենք քննարկում, սրանով ես փակում եմ այդ հարցը:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29