Լրահոս
Օրվա լրահոսը

Պակասող օրը

Փետրվար 20,2016 15:30
merujan Ter-Gulanyan

Այսինքն թե` օր, որը նույնիսկ Աստծուն պակասեց` աշխարհն ու մարդուն ավելի կատարյալ ստեղծելու համար, քանի որ վեցօրյա Արարչությունից հետո Աստված հոգնեց եւ թույլ տվեց իրեն հանգստանալ:

Եվ եղավ այնպես, որ պակասող օրը բարեհարդար ճամփա բացեց մանրուքների համար եւ hետին պլան մղեց կարեւորը:

Ինչպես որ չեղավ այն հրաբուխը, որ իր խորքերից գանձեր էր աշխարհ հանելու, այլ շարունակ դուրս ժայթքեց միայն ցեխաջուրը, որ իր մեջ առնելով` գունազրկեց, ծածկեց կատարյալը, ծածկեց վսեմը եւ հոսեց մեզ վրա, ու մենք սկսեցինք մառախուղ շնչել` կորցնելով իրար:

Միեւնույն է՝ մարդը մենակ է,- մտածում էի ես` փորձելով խարույկ վառել, չնայած որ աշխարհն ամեն գարուն ջահելանում է եւ աշնանամուտին դարձյալ թոշնում չորացող մրգի նման: Այնինչ ամեն առավոտ արեւի լույսի հետ հայտնվում է այն հույսն ու ներշնչանքը, թե հնարավոր է ամեն բան փոխել, ամեն ինչ սկսել նորից եւ մեկընդմիշտ հեռացնել քեզանից այն, ինչը քեզ դժբախտացնում է:

Սակայն ամեն օր նորից ու դարձյալ մենք համոզում ենք մեզ, որ պահն այդ գոյություն չունի, եւ որ, միեւնույն է, բոլոր օրերը միանման են եւ չեն տարբերվելու իրարից:
Բայց նա, ով ուշադիր է եւ ուզում է ճանաչել այդ խորհրդավոր պահը, կզգա Մեծ Լռությունը, ինչպես որ անցյալի կորցրած բանալու զրնգոցը հիշող մարդը:
Դժվարությամբ, սակայն, խարույկը բռնկվեց: Կրակի բոցերը փարվում, եղբայրանում էին ու միասին բարձրանում վեր:

Մի հին, կոճղակերպ փայտ, սակայն, ոչ մի կերպ չէր բռնկվում: Ասացի` իզուր, իզուր ես հապաղում. մենք բոլորս էլ մի օր վառվում ենք, ամեն մեկս` իր կրակով:
Դու քո կրակի տերն եղիր,- ասացի, եւ զարմանալի բան` կոճղը սկսեց բոցկլտալ, կրակազօծվեց ոսկեգույնով, ինչպես Աստծո պակասող օրվա այն հրաբուխը, որ պիտի գանձեր հաներ ներսից:

Եվ ես նայելով կրակին` իմ մեջ լսեցի այն երեխայի ձայնը, որը ես էի, եւ ով մինչեւ հիմա ապրում է իմ մեջ ու ամեն անգամ զարմանում, թե ինչ է կրակը. վառվում է սպանելո՞վ, թե՞ ինքնասպան է լինում:

Ու երբ ավարտել էի գիրս եւ պատրաստվում էի ուղարկել Առավոտ-ին, եղավ այսպիսի բան. խմբագրություն եկավ իմ հրաշալի գրող Ռոլանդ Շառոյան ընկերը եւ ասաց.
– Հիշո՞ւմ ես, Վանում ես քեզ ինչ ասացի՝ քո հրաշալի էսսեներից մեկի մեջ տող եմ գրելու:
Ասացի՝ գրիր եւ ավելացրու: Եվ նա գրեց.

Ապրելու մարմինը

Մայրս մի օր ինձ ասաց՝ ես օտար եմ ապրում, բայց հաշտ չեմ իմ կյանքի հետ, ավելի ճիշտ՝ ձեր կյանքի հետ հաշտ չեմ, բայց ազատ եմ, ինչպես ուղտն անապատում, իսկ անապատի ազատությունը նման է հայրենիքը կորցրած բեդվինի, ում համար հայրենիքը տարածություն է, իսկ ինձ համար հայրենիքը թեւածելու տեղ է՝ ազատ, անկախ, եւ ոգու հետ՝ ինչպես մայրը՝ երեխայի…

Եվ նա գրեց այդպես:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29