Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամբաստանյալն ակնոց չի օգտագործում»

Փետրվար 20,2016 14:00

ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության կողմից 2009թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչություն է ուղարկվում «Յուճաղ» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության հարկային հսկողության համակարգման եւ կազմակերպման բաժնի կողմից կազմված ստուգման ակտը:

ՊԵԿ հետաքննության վարչության կողմից նյութեր են նախապատրաստվում, ապա որոշում է կայացվում քրեական գործ հարուցելու մասին:

Էրեբունու հարկային տեսչությունում հաշվառված «Յուճաղ» ՍՊ ընկերության տնօրեն Ռոբերտ Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ:

Դատարան ուղարկված քրեական գործի նյութերի համաձայն, Ռ. Մարտիրոսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ընկերության փաստացի ղեկավար Նադեր Քարիմյանիի կազմակերպմամբ, 2007-2009թթ. ընթացքում Հայաստանի տարածքում իրականացրել է շահույթ հետապնդող առեւտրային գործունեություն: Սակայն նա, «հարկերը վճարելուց խուսափելու դիտավորությամբ», գործունեության վերաբերյալ հարկային տեսչությանը ներկայացրած հարկման համար հիմք հանդիսացող 2007թ. եւ 2008թ. շահութահարկի, 2009թ. 2 ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել: Ըստ մեղադրանքի կողմի, նա չարամտորեն խուսափել է պետբյուջե վճարել 54.869.400 դրամ՝ ԱԱՀ-ի շահութահարկի եւ սոցվճարի գումարները։
Ռոբերտ Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում կալանավորումը, սակայն նա առժամանակ չի հայտնաբերվում, հայտարարվում է հետախուզում:
Հայտնաբերվելուց հետո Ռ. Մարտիրոսյանի գործով որոշում է կայացվել կասեցված վարույթը վերսկսելու մասին։

Ի դեպ, 2015թ. հունվարի 21-ին որոշում է կայացվել քրեական գործից մեղադրյալ Նադեր Ալիի Քարիմյանիի մասը, որպես առանձին քրեական գործ, անջատելու մասին։
Տեղեկացնեմ, որ ամբաստանյալ Ռոբերտ Մարտիրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ «Յուճաղ» ՍՊ ընկերությունը փաստացի կազմակերպել եւ ղեկավարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Նադեր Քարիմյանիին։ Ընկերությունը 2007-2009թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է ներմուծել տարբեր տեսակի տնտեսական ապրանքներ:

Ամբաստանյալ Ռոբերտ Մարտիրոսյանը ցուցմունքում հայտնել էր, թե չունի համապատասխան հաշվապահական գիտելիքներ:

Ընկերության հաշվապահը, նույն ցուցմունքի համաձայն, հաշվարկել եւ մուծել է շահութահարկը, ավելացված արժեքի հարկը, նա է հաշվարկել, կազմել ու լրացրել հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվությունները, որոնք ինքը չի ստորագրել, ինքը հարկեր վճարելուց խուսափելու դիտավորություն չի ունեցել, հետեւաբար, հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ չի մտցրել։

Ռոբերտ Մարտիրոսյանի պաշտպաններն են Ա. Շահբազյանը եւ Գ. Շահվերդյանը, որոնք միջնորդություն են ներկայացրել դատաքննության փուլում, որպեսզի նշանակվի դատաձեռագրային փորձաքննություն։

Ըստ պաշտպանների, Ռոբերտ Մարտիրոսյանը չի հարցաքննվել 2007թ. 3-րդ եւ 4-րդ եռամսյակների, 2008թ. հունվար-հոկտեմբեր եւ դեկտեմբեր, 2009թ. փետրվար-մարտ ամիսներին վերաբերող եւ հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների կապակցությամբ, չի նշանակվել դատաձեռագրային փորձաքննություն, եւ որ գնահատական չի տրվել այն բանին, որ ընկերության տնօրենի անվան դիմաց դրված ստորագրությունները Ռ. Մարտիրոսյանինը չեն:

Ի դեպ, երբ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, նշվել է, թե իրենց պաշտպանյալը «ակնոց չի օգտագործում», «գրում է աջ ձեռքով, ձեռքերին ֆիզիկական թերություններ, արատներ կամ առանձնահատկություններ չկան»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29