Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային մշակույթ՝ գումարած Ազգային ժողով

Փետրվար 20,2016 12:30

Քաղաքակիրթ երկրներում մշակույթի նախարարությանն ու մշակութային գործունեությանն աջակցող կառույցներ են մշակված, որն էլ իր հերթին հանդիսանում է առանձին մշակույթ: Մերոնց նման նրանք չեն սպասում արտերկրում սեփական հուշարձան կողոպտեն կամ փչացնեն, նախօրոք են համապատասխան միջոցառումներ ձեռնարկում: Մինչդեռ մեր երկրում՝ մշակութային գործչից մինչեւ Ազգային ժողովի պատգամավոր, սկսում են բղավել, որ սեփական մշակութային արժեքները ոտնահարվում են կամ իրականացվում է հերթական մի բարբարոսություն: Ըստ էության, գրեթե ոչինչ չի ձեռնարկվում: Այն ինչ մասնակիորեն արվում է, արվում է մշակույթի նախարարության ուժերով ու շատ անգամ՝ ոչ առանձնապես ապահովված միջոցներով: Այնինչ բազմաթիվ երկրներում իր երկրի մշակույթին աջակցելու համար ստեղծված եւ ձեւավորված են բազմաթիվ տարբեր բնույթի կառույցներ, որոնցից արժե օրինակ վերցնել: Մերկապարանոց չլինելու համար ներկայացնում ենք փաստեր տարբեր երկրներում գործող կառույցներից:

Աշխարհի տարբեր երկրների պառլամենտները տարբեր կերպ են կանոնակարգում երկրի մշակույթի ոլորտի գործունեությունն այն նկատառումով, որ մշակույթը ինքնուրույն լինելով հանդերձ, համենայնդեպս` ինքնահոսի չմատնվի եւ չհանձնվի շուկայի քմահաճույքներին։ Ազատ շուկան շատ անգամ կործանարար դեր է խաղում հատկապես դասական եւ ավանդական արվեստների ոլորտներում։ Չափանիշային արժեք ունեցող այդ ասպարեզները գրեթե բոլոր երկրներում պետության հոգածության խիստ կարիքն ունեն։
Ռուսաստանի նման հզոր երկրում, որտեղ մշակույթի ոլորտը ուղղակի նախագահի ուշադրության կենտրոնում է գտնվում, մեծ պարտավորություն է իր վրա կրում երկրի երկպալատ պառլամենտը` Դաշնային ժողովը (Դաշնային խորհուրդ եւ Պետական Դումա), որն օրինաստեղծ գործունեությունից բացի, հատուկ ֆինանսական միջոցներ է հատկացնում այն նպատակով, որ Պետդումայի պատգամավորները պարտադիր կերպով մասնակցեն մշակութային միջոցառումներին եւ այդ մասնակցության համար կարողանան ունենալ հատկապես ՊԴ կողմից գնված եւ ոչ թե հրավիրյալ տոմսեր։ Երբեմն` անհրաժեշտության դեպքում, գնվում են ամբողջական դահլիճներ կամ տրամադրվում են ծրագիրն իրականացնող բավականին մեծ միջոցներ։ Իսկ հանդիսություններին անձամբ ներկա են լինում ՊԴ պատգամավորները, որոնց ֆիզիկական մասնակցությունը տվյալ ծրագրին մեծ հեղինակություն եւ ազդեցություն է ունենում ծրագրի կենսագործունեության վրա։
Ճապոնիայում պառլամենտը` երկպալատ Կոկկայը` Խորհրդականների պալատ եւ Ներկայացուցիչների պալատ, յուրօրինակ կերպով է լուծում հատկապես դասական երաժշտության նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության ու մասսայականացման խնդիրը։ Դասական երեկոներին հաճախած հանդիսականի ամբողջ տարվա ընթացքում գնված տոմսերի գումարները, երկրի կառավարությունը՝ Կոկկայի ֆինանսական աջակցությամբ, տարեվերջին, ներկայացված տոմսերի հիման վրա, մեծ թվերի հասնող գումարի տեսքով տոմսերի գինը վերադարձնում է հանդիսականին։

Օրինակ, Լեհաստանում բավականաչափ բարձր զարգացած թատերական կյանք գոյություն ունի: Երկպալատ Պառլամենտի` Սենատի եւ Սեյմի նախաձեռնությամբ եւ ֆինանսական մասնակցությամբ, աշխատավարձերի հետ միասին, պարգեւավճարի կարգով, ամեն ամիս, տրվում են թատրոնների ներկայացումների եւ դասական համերգների տոմսեր, որն էլ հենց ակտիվ զարգացող թատերական կյանք ունենալու բուն երաշխիքն է։ Այսօր Լեհաստանն ամենաշատ թատրոններ ունեցող երկրներից մեկն է աշխարհում։ Սեյմի գործուն ֆինանսական աջակցության շնորհիվ է այդ երկրում գտնվում Եվրոպայի թատերական փորձերի ու ներկայացումների ամենամեծ վիդեոլուսանկարչական արխիվը։

Իսկ ամենաբազմաժանր թատրոններով ու բեմարվեստի փորձարարություններով հարուստ երկիրը եղել եւ մնում է Չեխիան` հին Չեխոսլովակիայում հիմնավորված եւ ավանդության վերածված այն մոտեցումով, որ նոր մտածողության թատրոնների ստեղծման ու զարգացման համար հնարավորինս արագ կանաչ ճանապարհ է բացվում, որի հոգածությանը ոչ միայն օրինաստեղծ, այլեւ ֆինանսական աջակցության գործնական մասնակցությամբ խնդրի լուծումն իր վրա է վերցնում Նոր Չեխիայի երկպալատ Պառլամենտը` Սենատով եւ Պատգամավորների պալատով։

Գերմանիայի երկպալատ Պառլամենտն էլ՝ Բունդեսրատը եւ Բունդեստագը, գործուն մասնակցություն է ունենում թատերական կյանքի ձեւավորման ու աջակցման գործում` հատկապես պարբերաբար կրկնվող ճգնաժամերի դեպքերում, երբ ֆինանսական աջակցության խնդիրը վերածվում է լինել-չլինելու խնդրի։ Վերջին շրջանի հայտնի դեպքերից է, երբ երկու տարբեր քաղաքների արդեն փակվող թատրոնները երկրի պառլամենտի նախաձեռնությամբ միավորվեցին մեկ ստեղծագործական միավորի մեջ եւ այդ մեկ օղակին հատկացում կատարվեց բավականաչափ ոչ փոքր գումարով՝ 21 միլիոն եվրո բյուջեով։

Մեծ Բրիտանիայի Պառլամենտը` Լորդերի պալատ եւ Հասարակության պալատ, ուշադրության կենտրոնում է պահում Վիլյամ Շեքսպիրի կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող գրեթե բոլոր կարգի գործունեությունները` Էյվոնի Ստրադֆորդի տուն-թանգարանից սկսած մինչեւ շեքսպիրյան արքայական եւ միջազգային փառատոների կազմակերպումը եւ հաճախ նաեւ ամբողջական ֆինանսավորումը։ Շեքսպիրը Անգլիայում գնահատվում է որպես ազգային արժեք եւ Պառլամենտի ուշադրության կենտրոնում է Շեքսպիրին առնչվող գործունեությունը, երբեմն նաեւ իրենց երկրի սահմաններից դուրս։
Ֆրանսիայի երկպալատ Պառլամենտը` Սենատ եւ Ազգային ժողով, ինքնատիպ համադրություն է իրականացնում պառլամենտական ակտիվ մասնակից եւ անմասնակից դիրքորոշումների մեջ։ Օրինակ, ամերիկյան արվեստի նման ազատ լինելով եւ թատրոնները հիմնականում մասնավոր հատվածին թողնելով հանդերձ, այնուամենայնիվ, դասական արվեստի հռչակավոր դարբնոց «Գրանդ-Օպերա» թատրոնը ամբողջությամբ եւ լիարժեք ֆինանսավորվում է պետության կողմից, որն ամենեւին չի խանգարում ունենալու օպերային արվեստի սիրահար բազմաթիվ հովանավորների։ Այս խնդիրները մեծամասամբ համակարգում է Ֆրանսիայի պառլամենտը։

ԱՄՆ-ի երկպալատ Կոնգրեսը` Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, աշխարհի այլ երկրների համեմատությամբ ավելի ազատ ու անմասնակից վերաբերմունք ունի մշակույթի ոլորտի գործունեության նկատմամբ, այն գրեթե լիովին թողնելով շուկայական հարաբերությունների ընթացքին։ Արդյունքում՝ դասական եւ ազգային համարում ունեցող արվեստները իրենց տեղը զիջում են շոու-բիզնեսին, որը հենց իր բնույթով ավելի առեւտրային ոլորտ է, քան արվեստի ոլորտ։ Դա է, թերեւս, պատճառը, որ ամերիկյան մշակույթը դասական արվեստի համարում չունի աշխարհում, թեպետեւ ունի, օրինակ, «Մետրոպոլիտեն թատրոնի» նման բարձրակարգ դասական բեմ։

Էստոնիայի Ռիյգիկոգու միապալատ պառլամենտը շրջանառության մեջ է դրել որոշում, ըստ որի՝ հատկապես ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքի շրջանառությունից որոշակի տոկոս ուղղակիորեն հատկացվում է միայն մշակութի ոլորտի խնդիրների լուծմանը։ Այդ գումարները չեն կարող ծառայել այլ նպատակների։

Տարբեր երկրներում տարբեր միջոցներ, որոշումներ եւ միջոցառումներ են ձեռնարկվում մշակութային ոլորտը ինքնահոս իրավիճակից դուրս բերելու համար, մանավանդ ֆինանսական ճգնաժամային իրավիճակներում, որի ընթացքում, որպես կանոն, առաջին հարվածը հասցվում է բարձրակարգ արվեստի ժանրերին։ Այդուհանդերձ` բարձր արվեստը որեւէ երկրի համար մնում է միջազգային ամենաներկայանալի այցեքարտը։
Բացահայտ է, ՀՀ Ազգային ժողովը հատուկ հոգածության կենտրոնում պետք է պահի հայկական մշակութային ոլորտը, որպես բազմադարյա բարձրակարգ մշակութային երկրի համարում ունեցող պետություն, որը վերարժեւորվելու խիստ կարիք ունի եւ մեր տնտեսական սահմանափակ շուկան ամենեւին պարարտ միջավայր չէ ազատ գործունեություն ծավալելու համար։ Անհրաժեշտ է ոչ միայն մշակույթի նախարարության մինչեւ վերջին լուման հաշվված միջոցների նպատակային օգտագործումը, այլեւ հատուկ ծրագրված միջոցների ներդրումը, միջոցառումների մասնակցության կազմակերպումը, նույնիսկ այդ գործը համակարգելու համար հատուկ կառույցի նշանակումը եւ պատգամավորների անձնապես մասնակցությունը միջոցառումներին:

Պատրաստեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
19.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեւակ says:

    Դասական երաժշտության ժանրը ամբողջովին թաթախված է կոռուպցիայի մեջ։ Եթե նրանց տրամադրվեն մեծ միջոցներ, ապա՝ այն կվատնվի մի քանի «Մեծ ԱՐՏԻՍՏ»ների կողմից, եւ ոլորտը իրականում ոչինչ չի շահի։ Ուստի՝ անհրաժեշտ է նախեւառաջ վերացնել «ներսում» տիրող անարդարությունները, հովանավորչությունը, ապա՝ մտածել Ֆինանսավորելու մասին։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29