Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ միայնակ ենք

Փետրվար 20,2016 12:00

«Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»

Փետրվարի 12-ին Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ ելույթում Սերժ Սարգսյանը խոսելով Հայաստանի քաղաքական համակարգի ապագայի մասին` նկատեց, որ նոր, բազմաշերտ ու փոփոխվող մարտահրավերների առջեւ են կանգնած մեր տարածաշրջանն ու մեր հայրենիքը. «Բնականաբար, այդ մարտահրավերներն ու սպառնալիքները չեն կարող շրջանցել մեզ: Մեզ ասելով ես նկատի ունեմ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը, ե՛ւ աշխարհասփյուռ հայությունը: Բայց մեր պատմական փորձից լավ գիտենք, որ ցանկացած մարտահրավեր նաեւ հնարավորություն է»:

Նշելով, որ Հայաստանի իրավիճակի քննարկումը հնարավոր չէ առանց արտաքին աշխարհի ազդեցությունը հստակ գնահատելու, որ անմիջական արտաքին միջավայրը բարդ է ու խճճված, իսկ Հայաստանը չի կարող խուսափել նաեւ համաշխարհային շուկայի ազդակներից, նա շեշտեց. «Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու՝ անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն: Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը շատ լավ գիտենք բոլորս եւ գիտենք վաղուց: Սակայն փաստն այն է, որ տարիներ շարունակ նրանց իրականացրած քաղաքականությունն այն արդյունքը չի տվել, որ իրենք կցանկանային տեսնել: Նրանք մեզ հետ փորձել են խոսել սպառնալիքի, պարտադրանքի եւ ուժի դիրքերից: Այդ ձեւով մեզ հետ խոսելն անհեռանկար է եւ որեւէ արդյունք չի տալու, ինչպես չի տվել մինչեւ այսօր»: Նա եւս մեկ անգամ արձանագրեց, որ ԼՂ հարցի շուրջ բանակցությունները շարունակվելու են, Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է. «Արցախի խնդիրը լուծվում է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են դրանից եւ իրենց տրամաբանական ու արդար լուծումն են գտնելու այդ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այդ հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որեւէ այլ հարց լուծում գտնել չի կարող»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա Ս. Սարգսյանը փաստեց, որ որեւէ առաջընթացի հնարավորություն այս պահին չի տեսնում. «Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք եւ հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում եւ չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից եւ Մարտունուց դեպի արեւելք եւ Գյումրուց ու Արմավիրից արեւմուտք մենք որեւէ իսկական գործընկեր չունենք: Մինչեւ հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»:

Վրաստանի եւ Իրանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բարիդրացիական մթնոլորտում՝ նշեց Ս. Սարգսյանը` հավելելով. «Ակնհայտ է, որ այստեղ մենք որեւէ խնդրի չենք բախվել: Այս երկրների հետ փոխգործակցությունը մեզ համար թանկ է, եւ մենք նույն ոգով շարունակելու ենք աշխատել Թբիլիսիի եւ Թեհրանի հետ»: Ամփոփելով ասելիքը` նա ընդգծեց. «Ընդհանուր առմամբ մեր արտաքին քաղաքականությունը կանխատեսելի է եւ մշտապես հեռու է մնացել որեւէ արկածախնդրությունից: Մենք մշտապես հանդես ենք եկել բոլորի հետ դրական եւ փոխադարձ հարգանքի, վստահության ու շահի հիման վրա ստեղծված հարաբերություններ ձեւավորելու օգտին: Մենք երբեք չենք փորձել գործել մեծ տերություններին եւ կարեւոր աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրությունների դաշտում, չենք փորձել էժանագին ու կարճաժամկետ այսրոպեական օգուտ ստանալ այդ ուժերի հակասություններից»:

Սերժ Սարգսյանն, այսպիսով, փաստեց, որ Հայաստանն այսօր գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, նույնիսկ նկատեց, որ մարտահրավերներն ու սպառնալիքները չեն կարող շրջանցել մեզ: Ցանկացած մարտահրավեր նաեւ հնարավորություն է` գնահատականով, նա, այնուամենայնիվ, չմատնանշեց այն աջակցությունը, որը Հայաստանը կարող է ակնկալել, օրինակ, ռազմավարական դաշնակից Ռուսաստանից:

Հայաստանում ներքին բարեփոխումներով, պետությունների հետ փոխադարձ հարգանքի, վստահության ու շահի հիման վրա ստեղծված հարաբերություններ ձեւավորելու հրամայականով, ըստ էության, Սերժ Սարգսյանը արձանագրեց ու խոստովանեց, որ Հայաստանը, խոշոր հաշվով, միայնակ է այս բարդ ու խճճված իրավիճակում, եռացող տարածաշրջանում: Բայցեւ անընդունելի համարեց այն հանրահայտ համոզմունքը, թե քանի դեռ ԼՂ հարցը լուծված չէ եւ Թուրքիայի կողմից շրջափակման ենք ենթարկվում` լավ չենք ապրելու:

Շփման գծում իրավիճակն անհանգստացնում է ՆԱՏՕ-ին

Օրերս պաշտոնական այցով Ադրբեջան էր ժամանել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, որը Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:

ՆԱՏՕ-ն չի մասնակցում ԼՂ հակամարտության լուծման գործընթացին՝ Բաքվում հայտարարեց Ափաթուրայը` հավելելով. «ՆԱՏՕ-ն իր դիրքորոշումն ունի տվյալ հարցով: Իրավիճակը շփման գծում անհանգստություն է հարուցում: Դա բարդ իրավիճակ է: Դաշինքը համարում է, որ կողմերը պետք է աշխատեն խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք սատարում ենք Մինսկի խմբին եւ հակամարտության կարգավորումը փոխադարձ համաձայնության սկզբունքների հիման վրա»:

Իսկ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտանմայերը ԵԱՀԿ-ում սկսվող Գերմանիայի նախագահության հետ կապված ակնկալիքների թեմային անդրադառնալով՝ օրեր առաջ ընդգծեց, որ Գերմանիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հարցով բանակցությունների ինտենսիվացմանը. «Անկեղծ ասած՝ չեմ ցանկանում հաշտվել այն բանի հետ, որ ճակատագրի բերումով այդ հակամարտությունները կոչվեն սառեցված։ Տարեցտարի դրանցից տուժում են մարդիկ, համապատասխան տարածաշրջաններում արգելակվում է զարգացումը։ Փոքր, սակայն կոնկրետ քայլերով մենք ծրագրում ենք կայունացնել հրադադարի ռեժիմները, ամրապնդել վստահությունն ու թեթեւացնել տեղերում մարդկանց առօրյա կյանքը, օրինակ՝ տնտեսական փոխանակության ուժեղացման միջոցով»,- ասել է նա։ Շտայնմայերի խոսքով՝ ԼՂ հակամարտությունում անհանգստություն են առաջացնում զինված ընդհարումները շփման գծի երկայնքով։ Գերմանիան կողմ է Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ինտենսիվացմանը։ Այստեղ կարեւոր քայլ կլիներ հրադադարի խախտման հանգամանքների հստակեցման մեխանիզմի ստեղծումը՝ նշել էր նա։

Պաշտոնական Բաքուն բացահայտ արհամարհելով միջազգային հանրության կոչերը` շարունակում է խուսափել սահմանային միջադեպերի ստեղծման գաղափարը իրականացնելու վերաբերյալ հստակ պատասխան տալուց: Մինչդեռ միջազգային հանրությունը վերջին շրջանում նոր եռանդով է շեշտում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորման անհրաժեշտությունը` այլ ձեւաչափեր ԼՂ խնդիրը տեղափոխելու Բաքվի ջանքերը ձախողելով:

Իսկ Բորդյուժան խորհուրդ է տալիս «Մարքս կարդալ»

Օրերս «Սպուտնիկ» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային հայաստանյան տաղավարից հիշեցրել էին Սերժ Սարգսյանի հայտարարությունը եւ հարցրել` ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում այս իրավիճակին, ՀԱՊԿ-ի լռությունն արդյոք կասկածի տակ չի՞ դնում այդ կառույցի նշանակությունը եւ վարկանիշը:

Այս հարցը, պարզվում է, դուր չի եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Նա նշել է, որ երբ վերջին անգամ Երեւանում էր, Հայաստանի ԱԽ-ին է փոխանցել այն հայտարարությունների փաթեթը, որոնք արվել են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների եւ այլ պատկան պաշտոնյաների կողմից, որոնք վերաբերում են Կովկասում տիրող իրավիճակին: Բորդյուժան հավելել է, որ զարմացած է, որ հայ լրագրողները նման հարցեր են հնչեցնում, հորդորել է անպայման ծանոթանալ ՀԱՊԿ ամենամյա ամփոփիչ փաստաթղթերին, նախարարների հայտարարություններին, որոնցում անպայմանորեն անդրադարձ կա Կովկասում տիրող իրավիճակին: «Դուք կամ չեք հետաքրքրվում դրանով, կամ միտումնավոր չեք խոսում այդ մասին»,- հայ լրագրողներին նախատել է Բորդյուժան ու հիշեցրել մոտ մեկ ամիս առաջ «Ռոսիա-24»-ին տված իր հարցազրույցը, որում ասել էր. «Մենք մեծ տագնապով ենք հետեւում, թե այսօր ինչ է տեղի ունենում Կովկասում, հատկապես ղարաբաղյան հակամարտության գծում, շփման գծում, որտեղ արդեն կիրառվում են ծանր սպառազինություններ, տանկեր, կան մարդկային կորուստներ: Կոնֆլիկտի հետագա էսկալացիան անթույլատրելի է, «կպայթի» ամբողջ Կովկասը»:

Եվս մեկ հարցի, թե ՀՀ իշխանությունները դժգոհ են ԼՂ հակամարտության հարցում ՀԱՊԿ-ի դիրքորոշումից, եւ արդյոք հնարավո՞ր է դիրքորոշման փոփոխություն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, թե անհրաժեշտություն չի տեսնում ինչ-որ կերպ փոխելու ՀԱՊԿ-ի դիրքորոշումն այս շատ նուրբ հարցի վերաբերյալ, քանի որ ՀԱՊԿ-ը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում ընդգրկված չէ, ՀԱՊԿ-ի անդամ բոլոր պետությունները կողմ են, որ կոնֆլիկտը կարգավորվի բացառապես քաղաքական մեթոդներով, խաղաղ ճանապարհով, եւ որ բոլոր պետությունները դեմ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության աճին եւ ծանր հրետանու կիրառմանը: Ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խորհուրդ էր տվել. «Մնացածը` Մարքս կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է»:

Անցյալ տարի դեկտեմբերին ՀԱՊԿ գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը խոսեց ՀԱՊԿ-ի հեղինակությունից՝ նկատելով. «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետներ եւ հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի եւ Բիշքեկի, Մոսկվայի եւ Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը եւ հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ կազմակերպությունը, նրա հեղինակությունը ու կարեւորությունը»։
Մինչդեռ Բորդյուժան բացահայտ անտեսում է Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող եւ պարբերաբար սրվող իրավիճակը` գերադասելով արծարծել ԼՂ հակամարտության ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի անթույլատրելիությունը եւ մատնացույց անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի պատասխանատվությունը: Սակայն ի՞նչն է խանգարում, որպեսզի ՀԱՊԿ-ը գոնե մեկ անգամ հայտարարությամբ դատապարտի Ադրբեջանի կողմից կազմակերպության անդամ Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունների փաստը, որոնց արդյունքում նաեւ խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել:

Եվս մեկ հստակեցում, որն արվեց Բորդյուժայի կողմից` 102-րդ ռազմակայանը նախատեսված չէ թուրքական բանակին դիմակայելու համար: Հարցին՝ 102-րդ ռազմակայանի ներուժը արդյոք կբավականացնի՞ դիմակայելու թուրքական բանակին՝ ռուս-թուրքական հնարավոր պատերազմի դեպքում, Բորդյուժան պատասխանել էր. «102-րդ ռազմակայանի ներուժը բավարար է նրա առջեւ դրված խնդիրների լուծման համար: 102-րդ ռազմակայանը նախատեսված չէ թուրքական բանակին դիմակայելու համար, այլ նախատեսված է տարածաշրջանում կայունության ապահովման համար: Եթե այդ ռազմակայանը սկսի գործել, այն գործելու է այլ միջոցների համակարգում, որոնք կձեռնարկվեն տարածաշրջանի երկրների՝ ներառյալ Ռուսաստանի ղեկավարության կողմից: Ուստի անհրաժեշտ չեմ համարում այսօր այդ տարածաշրջանում ուժերի ավելացումը»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «միայնակ ենք»…

    կարծես ռաբիզ, ջիգյարոտ երգի մը սրտաճմլիկ բառերը լինէին…

    «միայնա՜կ ենք, միայնա՜ա՜կ…»

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29