Լրահոս
Օրվա լրահոսը

5000 մասնակից 500 դասընթացների՝ 20 տարում

Փետրվար 19,2016 23:58

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը»՝ նախկին «Ինտերնյուս-Հայաստանը», փետրվարի 19-ին նշում էր իր 20-ամյակը: 20 տարի շարունակ լրատվամիջոցների եւ լրագրողների կողքին գտնվող այս կազմակերպությունը զգալի ազդեցություն է թողել Հայաստանի մեդիադաշտի զարգացման վրա:

Հիմնված լինելով ամերիկյան «Ինտերնյուս» կազմակերպության կողմից՝ 1996 թվականից ի վեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը լրագրության արեւմտյան չափանիշները, պրոֆեսիոնալ լրագրության սկզբունքները հետեւողականորեն տարածում է Հայաստանում:

Լրագրողների եւ ԶԼՄ-ների այլ աշխատակիցների համար կազմակերպված ավելի քան 500 դասընթացներն այս քսան տարիների ընթացքում ունեցել են ավելի քան 5000 մասնակիցներ, որոնցից ոմանք ձեռք են բերել իրենց առաջին գիտելիքները լրատվության ոլորտում, ոմանք խորացրել են իրենց մասնագիտական տեղեկությունները, մեկ ուրիշները բարձրացրել են պրոֆեսիոնալ որակները: «Ինտերնյուսում» իրենց առաջին քայլերն արած երեխաներից ոմանք՝ «Մենք ենք» հաղորդաշարից, այսօր ոլորտում ճանաչված լրագրողներ են: «Ինտերնյուսի» տված մասնագիտական հմտություններն իրենց աշխատանքում օգտագործում են հարյուրավոր լրագրողներ, մոնտաժորներ, օպերատորներ, խմբագիրներ:

Այնպես որ՝ զարմանալի չէր, որ «Մեդիա նախաձեռնությունների» հոբելյանի առթիվ հավաքին, ինչպես ասում են, «ասեղ գցելու տեղ չկար»:

Հոբելյարն իր ծննդյան օրվա կապակցությամբ խորհրդանշական նվերներ արեց իր բազմամյա համագործակիցներին՝ ինչպես իր դոնորներին եւ հավատարիմ գործընկերներին, այնպես էլ նրանց, ում ինքն է օգնել կայանալու: Իսկ ամենավերջին հուշանվերը տրվեց ամենահարազատին՝ Մանանա Ասլամազյանին:

Հանդիսությունը պարբերաբար ընդմիջվում էր երաժշտական կատարումներով, որոնք նույնպես յուրահատուկ էին ընտրված. ելույթ էին ունենում մեդիա դաշտի մարդիկ, ովքեր երբեւէ առնչվել էին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ՝ Զարուհի Հովհաննիսյանը, Լիլիթ Բլեյանը, Հերիքնազ Հարությունյանը:

Իսկ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» բեղմնավոր 20 տարիները ներկայացնող 2-3 րոպեանոց կարճ ֆիլմերը ներկաներին պարբերաբար տանում էին ոչ միայն ետ՝ դեպի անցյալ, այլեւ առաջ՝ դեպի ապագա, որտեղ գուցե եւ կգտնվի կենտրոնի ղեկավար, անփոխարինելի Նունե Սարգսյանի հարցերից մեկի պատասխանը՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» կի՞ն է, թե՞ տղամարդ…

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29