Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ այսօր քննվել է Նորք Մարաշի զինված խմբի գործով կալանավորված ազատամարտիկ, «Մեծն Տիգրան» գնդի հետախուզական վաշտի անդամ Աղասի Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետն երկու ամսով երկարացնելու որոշման դեմ փաստաբանի վերաքննիչ բողոքը:
Փաստաբան Լիանա Բալյանն Aravot.am-ին փոխանցեց, որ իր բողոքը մերժվել է եւ Առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է ուժի մեջ. «Քննիչը պնդեց, որ լրացուցիչ քննչական գործողություններ կան անելու, ինչպես նաեւ պնդեց, որ կթաքնվի կամ կխոչընդոտի նախաքննությանը: Ես ասացի, որ եթե ինքը թաքնվող լիներ նախաքննությունից, նոյեմբերի 25-ին հեռուստացույցով հանցավոր խմբի ցույց տալուց հետո փախուստի կդիմեր եւ չէր սպասի մինչեւ դեկտեմբերի 11-ին իրեն կձերբակալեն: Ես բողոքարկելու եմ Վճռաբեկ դատարան»:
Լիանա Բալյանը նշեց, որ նման պայմաններում օրենքով իրեն չպետք է կալանքի տակ պահեն. «Հիմնականում առողջական խնդիրների հետ կապված, ինչպես նաեւ հիմքեր չկան: Նա ոչ խոչընդոտել է նախաքննությանը, ոչ թաքնվել է նախաքննությունից: Հիմքեր չկան: Ունի մշտական բնակության վայր, անչափահաս երեխաներ, տան միակ աշխատողն է, երրորդ կարգի հաշմանդամ է: Այդ բոլորը հաշվի առնելով դատարանը չպետք է կալանքի տակ պահեր նրան»:
Փաստաբանը տեղեկացրեց, որ կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ ինքն առաջին բողոքը ներկայացրել էր Վճռաբեկ դատարան, սակայն մինչեւ հիմա որեւէ պատասխան չի ստացել:
Կարդացեք նաև
Կալանքի տակ գտնվող Աղասի Մարտիրոսյանն արդեն 4 օր է հացադուլ է հայտարարել: Նա պահանջում է վերացնել իր նկատմամբ քրեական հետապնդումը: Լիանա Բալյանը նշեց, որ իր պաշտպանյալն երրորդ կարգի հաշմանդամ է եւ առողջական լուրջ խնդիրներ ունի: Արյան ճնշումն անընդհատ իջնում էր ու բնական է, որ լավ չի զգա իրեն»:
Փաստաբանը փոխանցեց, որ Մարտիրոսյանն 18.500 ԱՄՆ դոլար վարկ ունի եւ բնակարանը գրավի տակ է. «Նրա հույսն այն էր, որ գոնե կալանավորման տակ չլիներ, դուրս գար եւ կարողանար աշխատել: Ամսեկան 500 դոլար ավելանում է: Եթե այսպես շարունակվի նա իր բնակարանն էլ կկորցնի»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ