Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է ասել, թե 35 տարեկան Կուտոյանը երիտասարդ է». ներքին գործերի նախկին նախարար

Փետրվար 19,2016 22:07

Aravot.am-ի հետ զրույցում  Լենինականի նախկին միլպետ, ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար Լևոն Գալստյանը , անդրադառնալով 35-ամյա Գեորգի Կուտոյանին ԱԱԾ ղեկավար նշանակելուն, ասաց. «Ո՞վ ասաց, որ 35 տարեկանը երիտասարդ է, 35 տարեկանն արդեն կյանքի կեսն ապրել է, իհարկե, կների ինձ Կուտոյանը, բայց նա արդեն կյանքի փորձ ունի, աշխատանքի փորձ ունի, ընտանիքի հայր է, երեխա է դաստիարակում:

Երիտասարդը գուցե մինչեւ 30 տարեկա՞նն է, 35 տարեկանում ես քրեական հետախուզության բաժնի պետն էի… Եվ հետո նոր նշանակածը կյանքի ահագին ճանապարհ է անցել թե՛ աշխատանքային, թե՛ ուսումնական, այնպես որ հանրապետության նախագահը ճիշտ նշանակում է կատարել. չէ՞ որ հանրապետության նախագահը  ինքն էլ է ղեկավարել այդ ծառայությունը երիտասարդ տարիներին եւ գիտի՝ ում ինչ նշանակել: Եվ հետո ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է մարդկանց այդքան հուզում նշանակումը, ի՞նչ է պատահել, ո՞ւմ էին ուզում, որ չեն նշանակել, այդ Կուտոյանին են նշանակել: Օրինակ՝ ո՞ւմ էին ուզում, որ նրա փոխարեն նրան են նշանակել, թեկնածու է եղել հարմար, նշանակել են, ի՞նչ է պատահել»:

Մեր դիտարկմանը, թե քննարկման թեմա է դարձել այն, որ Գեորգի Կուտոյանը չունի ԱԱԾ-ում աշխատելու փորձ, Լևոն Գալստյանն ասաց. «Պարտադիր չէ, որ Ազգային անվտանգության ծառայությունում աշխատելու փորձ լինի, ես օրինակ բերեմ. Ռուսաստանի արտաքին հետախուզության պետ Միխայիլ Ֆրադկովն էլ փորձ չուներ հետախուզությունում աշխատելու, բայց հիմա հետախուզություն է ղեկավարում: Ի՞նչ  է պատահել, ի՞նչ պարտադիր է, որ անպայման պետք է համակարգից լիներ, ընդհակառակը ես գտնում եմ, որ համակարգից չէ, ավելի լավ հասարակության համար: Ժողովրդի համար ավելի լավ է, որ նա Ազգային անվտանգությունից չէ, որ չի կարծրացել այդ ծառայության մեջ, այլ նոր թարմ, ուժերով եկել է ծառայելու: Եվ ԱԱԾ-ն, ինձ թվում է, լավ կընդունի նրան: Դա իմ կարծիքն է»:

Հարցին՝ ԱԱԾ-ում  գեներալներ կան, արդյոք խանդ չի՞ առաջանա Գեորգի Կուտոյանի հանդեպ, մեր զրուցակիցն ասաց. «Գիտեք ինչ կա, գեներալները թող հանգիստ լինեն, ի՞նչ է պատահել, եթե շատ գեներալներ կան, ուրեմն կարելի է մի մասին էլ թոշակի ուղարկել, եթե ժամկետները լրացել են: Ինչի՞ համար պետք է խանդ առաջացնի, հանրապետության նախագահը գտել է, որ պետք է աշխատի էդ ընկերը, ուրեմն պիտի աշխատի: Ի՞նչ է պատահել, ուրիշ բան, եթե չարդարացնի, արդեն հետեւություններ կանեն, բայց ինձ թվում է, որ պետք է արդարացնի, որովհետեւ Ազգային անվտանգությունում կան լավ պրոֆեսիոնալներ, որոնք նրանք կօգնեն ժամանակից շուտ տիրապետելու հետախուզության գաղտնիքներին եւ կաշառակերության դեմ ուղղված պայքարին, որն այսօր երեւի ամենակարեւորն խնդիրն է հանրապետությունում, ահաբեկչության դեմ պայքարից հետո»:

Մեր դիտարկմանը, թե Գեորգի Կուտոյանի նշանակումը շատերի մոտ հույս է արթնացրել, որ նա Ազգային անվտանգությունը կմաքրի Ձերժինսկու ավանդույթներից, նախկին նախարարն ասաց. «Գիտեք ինչ կա, եկեք Ձերժինսկուն հանգիստ թողնենք, Ձերժինսկին ժամանակին ամենաականավոր չեկիստներից մեկն է եղել, Ձերժինսկու կազմակերպած օպերացիաները մինչեւ հիմա մտնում են հետախուզության պատմության մեջ եւ գերազանցված չեն: Ի՞նչ կապ ունի Ձերժինսկին այսօրվա ԱԱԾ-ի հետ, ճիշտ է շատ աշխատասենյակներում Ձերժինսկու նկարն է, բայց լավ կլիներ, որ շատերը Ձերժինսկու նման աշխատեին՝ ազնիվ, անաչառ, նվիրված իրենց գործին: Ի՞նչ է պատահել թող Ձերժինսկու ասածով ղեկավարվեին, հետախույզը պետք է ունենա տաք սիրտ, մաքուր ձեռքեր, սառը գլուխ, նվիրվածություն հայրենիքին, ի՞նչ վատ բան է ասել Ձերժինսկին: Իսկ ԿաԳեԲեի խորհրդային դպրոցը փառավոր դպրոց է, դա ապացուցել է ե՛ւ հայրենական պատերազմի ժամանակ, ե՛ւ հետպատերազմյան տարիներին»:

Մեր հիշեցմանը, թե Գեորգի Կուտոյանը մամուլի ուշադրությունը գրավեց նաեւ այն պատճառով,  որ չունի տուն, ավտոմեքենա, Լևոն Գալստյանն ասաց. «Է, հա, ի՞նչ է պատահել, ես էլ  չունեմ, ես էլ նախարար եմ եղել, վարչության պետ, ըստ էսօրվա որոշ մարդկանց մտածելակերպի, պետք է ե՛ւ  փող ունենա, եւ քանի հատ տուն ունենա, ի՞նչ անենք , մարդը չպիտի՞ ազնիվ լինի, չունի, ի՞նչ անենք հիմա, մեղադրե՞նք իրեն, թե չունի: Որ ունենա էլ, անպայման կասեն, թե ինչո՞ւ ունի»:

Նախկին նախարարը նաեւ ասաց, որ եթե Գորիկ Հակոբյանը նախագահի խորհրդական է նշանակվել, նրա անմիջական օգնությունը կլինի ԱԱԾ-ի նոր ղեկավարի կայացման գործում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Կարծում եմ հարցը տարիքի մեջ չէ այլ մոտեցման և մտածելակերպի: Շատ հասարակ օրինակ բերեմ դիմել եմ ԱԱԾ տնօրեն Գ.Հակոբյանին հայտարարություն տալով համակարգում տեղի ունեցող բազմաթիվ հանցանքների մասին, գործը մեծ ընթացք ստացավ, գտնվում էր քննության փուլում, բայց երբ տնօրենին փոխեցին գործը սկսեցին տակով անել ու անհիմն ձգձքել, դիմեցի Գ.Կուտոյանին խնդրելով թույլ չտալ քողարկել ակնհայտ հանցագործության փաստերը, նշեցի որ Գ.Հակոբյանին դիմելուց հոտո ԱԱԾ գնդապետներից մեկը սպառնացել է վերացնել ինձ և ընտանիքիս և, որ քննիչը այդ ամենը կոծկում է և այդ առիթով քրեական գործ չի հարուցում, ու էլի շատ կարևոր բաներ էի նշել, բայց պարզվեց որ ոչ միայն քննիչին չի հետաքրքրում իմ և ընտանիքիս անվտանգությունը այլ նաև Գ.Կուտոյանին, քանի որ նա դիմումս մակագրեց նույն քննիչի վրա և վերջ, ահա և ԱԱԾ նոր տնօրենի պատասխանը իրեն դիմած քաղաքացուն, նենց որ այսքանից հետո ում վստահես

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29