Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի ԲԿ-ում փրկեցին 8-ամյա տղայի կյանքը

Փետրվար 19,2016 18:05

Փետրվարի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում Տավուշի մարզի Արճիս գյուղի 8-ամյա բնակիչ Վոլոդյա Մարտիրոսյանը ծայրահեղ ծանր վիճակում՝ գիտակցությունը մթագնված, արյան շրջանառության խանգարումներով, շոկի մեջ, տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Արագ կերպով ախտորոշում է կատարվել, պարզվել է, որ տղան ներքին արյունահոսություն ունի: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Արթուր Գաբրիելյանը շտապ վիրահատություն է կատարել, որի ժամանակ պարզվել է, որ երեխայի փայծաղը պատռված է: Վիրահատությամբ այն հեռացվել է:

Այսօր՝ փետրվարի 19-ին եղանք Նոյեմբերյանի ԲԿ-ում, հանդիպեցինք Վոլոդյա Մարտիրոսյանին: Նա պատմեց, որ հեծանիվ էր քշում, հեծանիվը բախվել է թմբի, ինքն ընկնելով՝ ղեկը հարվածել է կողքին: Ծնողները սկզբում չեն կարծել, որ տղայի հետ լուրջ բան է տեղի ունեցել, ուշացումով են հիվանդանոց հասցրել: Տղայի հայրը՝ Կարեն Մարտիրոսյանն ասաց, որ ինքը գտնվելով հուզված վիճակում՝ սկզբում չի պատկերացրել, թե բժիշկները ինչպիսի գործ են կատարել: Նա իր երախտագիտությունը հայտնեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժաշխատողներին:

Ի դեպ, փետրվարի 18-ին լրացավ Վոլոդյա Մարտիրոսյանի 8-ամյակը:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ Աղասի Մահտեսյանից տեղեկացանք, որ 2015թ. հոկտեմբերից Նոյեմբերյանի ԲԿ-ում գործում է 2-րդ վիրահատարան: Այն հնարավորություն է տալիս, հարկ եղած դեպքում, միաժամանակ 2 վիրահատություն կատարել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29