Aravot.am-ն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանին, որը վստահեցնում էր, թե 2014-ի համեմատությամբ 2015 թվականին ներդրումները 80 միլիոն դոլարով աճել են, հիշեցնելով ԱՄՆ դեսպանի անցյալ տարվա հայտարարությունը, որտեղ դեսպանը մտահոգություն հայտնեց մեր երկրում կոռուպցիայի բարձր մակարդակի, անհավասար մրցակցային պայմանների եւ այլնի մասին, հարցրեց, թե եթե կոռուպցիա չլիներ ներդրումներն ավելի շա՞տ կլինեին:
«Ընդհանրապես, կոռուպցիան ազդում է ներդրումների վրա, ոչ ոք չի կարող դա ժխտել, իսկ գնահատական տալ թե ինչքան է, մեծ է թե փոքր է մեզ մոտ կոռուպցիան, ես չեմ կարող ասել, քանի որ դա իմ գործառույթը չէ»:
Մեր այն դիտարկմանը, թե միջազգային ֆինանսական կառույցներն են այդ մասին փաստում իրենց զեկույցներում, պարոն Լալայանն ասաց` եթե կոռուպցիան չլինի, ավելի լավ կլինի:
Կարդացեք նաև
«Անալիտիկ» ակումբում պարոն Լալայանը ներկայացրեց 2015-ի ներդրումների ցուցանիշը, 2016-ին նախատեսվող ծրագրերը: Ըստ նրա, օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 38 միլիոն դոլար` բացառությամբ Ռուսաստանից, որը պատժամիջոցների, նավթի գնի անկման հետեւանքով չի կարողացել ներդրումներ անել: Օտարերկրյա ներդրումներն աճել են Շվեյցարիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Արաբական միացյալ Էմիրություններից: Ըստ Վահագն Լալայանի, օտարերկրացիներին մեր երկրում հիմնականում հետաքրքրում է հանքագործության, էներգետիկայի, մշակվող արդյունաբերության, հեռահաղորդակցության եւ անշարժ գույքի ոլորտները:
Հարցին, թե օտարերկրյա ներդրողները հիմնականում օվշորային գոտու երկրներից են, ինչո՞վ է դա պայմանավորված, գուցե Հայաստանցի մեծահարուստ պաշտոնյաներ են այդ գոտում գրանցված եւ գումարներն այդ ճանապարհով հանել են ու հիմա էլ, որպես օտարերկրյա ներդրողներ ներդրումներ են անում, պարոն Լալայանն ասաց` իմաստը ո՞րն է:
«Հաշվենք, որ դուք գործարար եք, դուք մի ինչ-որ պաշտոնյայի համար կտանեք ձեր փողը, եթե դա այդպես է, օվշորային գոտի, իսկ հետո հետ բերեք, որպեսզի դա երեւա օտարերկրյա ներդրումնե՞ր, իսկ իմաստը՞»,-հարցրեց Վահագն Լալայանը: Նա վստահեցրեց, որ Շվեյցարական ներդրումները օվշորային գոտու ներդրումներ չեն, իսկ Լյուքսեմբուրգից, որը օվշորային գոտու ընկերություն է ներդրում կատարել, եղել է էներգետիկայի ոլորտում եւ Հայաստանի հետ փոխկապակցված գործարար չէ. «Նրա տնտեսական շահի կենտրոնը Հայաստանը չէ»:
Մանրամասները տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ