Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը հինգշաբթի իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ մտածում է իր թեկնածությունը դնել իր հայրենի Սպիտակ քաղաքի քաղաքապետի պաշտոնում:
Փետրվարի 19-ին նա Aravot.am-ին հայտնեց, որ Սպիտակի քաղաքապետարանի աշխատակիցն է նման միտք տվել. «Ասաց՝ ապրիլ ամսին է քաղաքապետի ընտրությունները, եւ 2 Հանրապետական նախկին եւ ներկա քաղաքապետերը դրել են իրենց թեկնածությունը, եւ իրենց մեջ է հիմնական կռիվը լինելու, այսինքն՝ վերեւներում դեռեւս որոշված չէ, թե նրանցից ում կարելի է թողնել: 2 քաղաքապետի շրջան ներկա քաղաքապետն է կառավարում, դրանից առաջ 3 անգամ էլ կառավարել է նախկին քաղաքապետը, որը ներկա պահին դրել է իր թեկնածությունը:
Ճիշտ է, մի տեսակ հումորով նայեցի այդ ամենին, բայց հետո զանգեցի հորեղբորս, Սպիտակի դրությունը իմացա, ասացին՝ ինչո՞ւ չէ, կարելի է նաեւ հենց քո թեկնածությունը դնել, այստեղ բոլորը քեզ ճանաչում են եւ ավելի շատ կուզեն, որ ընտրվի այնպիսի մարդ, որն ընդհանրապես կապ չունի վերնախավի հետ, ոչ մի կուսակցական պատկանելություն չունի, մաքուր է իր քաղաքական հիմքով: Կարելի է գալ, փորձել, միգուցե, իմանալով մեր ընտրական համակարգի գերզարգացվածությունը, գիտենք, որ հնարավոր է պարտություն լինի, ես ինքս նախօրոք արդեն պատրաստվել եմ ընդունել պարտությունս, սակայն կարելի է փորձել, ինչո՞ւ չէ, իսկ միգուցե այն երկուսի գզվռտոցի արդյունքում հենց ես ընտրվեմ:
Բայց ոչ մի բան դեռեւս հստակ չէ, ես վաղը գնալու եմ Սպիտակ, այնտեղ տեղում ամեն ինչ պարզ կլինի, վերադառնամ արդեն հայտարարություն կանեմ՝ արդյոք առաջադրում եմ թեկնածությունս Սպիտակի քաղաքապետի պաշտոնում, թե՞ ոչ: Այնտեղ կարող է խնդիր լինել տարիքս, անկեղծ ասած, չեմ հիշում՝ 25 տարեկանից պետք է լիներ, թե 23-ից էր տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածուի առաջադրումը, իսկ եթե 25-ից էլ լինի ընդամենը 2 ամիս է խանգարում, կարծում եմ՝ այդքան մեծ խնդիրներ ինձ համար չեն առաջանա»:
Կարդացեք նաև
Վաղինակ Շուշանյանը նշեց, որ Սպիտակն ունի տրանսպորտային, կացարանային խնդիրներ, որոնք կարելի է շատ հեշտ լուծել հենց Սպիտակ քաղաքի բյուջեով. «Եթե առաջադրվեմ այդ պաշտոնին, ապա կփորձեմ առաջինը հենց այդ հարցերը լուծել: Երկու օրվա ընթացքում ես կարող եմ այնտեղ քաղաքային տրանսպորտի հարցը լուծել, որն այս պահին ընդհանրապես բարվոք վիճակում չէ. ամբողջ քաղաքում պտտվում է ընդամենը 1 երթուղային, մարդիկ պետք է կանգառներում հենց ձմռան ամիսներին ժամերով սպասեն, թե երբ պիտի երթուղայինն անցնի: Կարելի է այդ հարցերն հենց ամենասկզբից կարգավորել, որովհետեւ տարրական բան է»:
Նա նշեց, որ իր վերջին քայլերի արդյունքում սպիտակցիների մոտ տպավորություն է ստեղծվել, որ կարելի է հենց իրեն առաջադրել Սպիտակի քաղաքապետի պաշտոնում, քանի որ ինքը մտածում է իր հայրենի քաղաքի մասին. «Եվ ես դրանից ավելի շատ ինձ պարտավորված եմ զգում, քան ուրախանում եմ: Դեռ մի տեղ էլ տխրում եմ, որ ինչու ինձնից տարիքով մեծերը՝ հենց Սպիտակում ապրած-մեծացածները չեն, որ կարող են լուծել այդ խնդիրները, այլ ես պետք է նորից վերադառնամ այնտեղ ու լուծեմ»:
Նշենք, որ ըստ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» օրենքի համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին 1 տարում մշտապես բնակվող, վերջին երեք տարում հարկեր, տեղական տուրքեր եւ վճարներ բարեխղճորեն վճարող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ