Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Արդյունավետ կառավարման սկզբունքը զոհաբերվում է հանուն քաղաքական գործարքի»

Փետրվար 19,2016 16:59

Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում փետրվարի 19-ին

2014 նոյեմբերի 22-ին ուժի մեջ մտավ այն օրենքը, որով միավորվեցին Արտակարգ իրավիճակների եւ Տարածքային կառավարման նախարարությունները:
Այն ժամանակ բերվեցին համակարգը ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ բավական լուրջ հիմնավորումներ:

Ինչպիսի ճոխ հիմնավորումներ էին.

• «Առավել արդյունավետ դարձնել կառավարման համակարգը … գործառույթների ճիշտ եւ առավել արդյունավետ համադրման եղանակով։
• մենք գտնվում ենք աշխարհագրական այնպիսի դիրքում, որ զուտ տարածքային առումով շատ ռիսկային է մեր երկրի տարածքը՝ կապված երկրաշարժերի, բնական այլ աղետների հետ,որոնց ռիսկերի գնահատման հետ ուղղակիորեն առնչվում է տարածքային զարգացման քաղաքականությունը: …
• ԱԻՆ հիմնական գործառույթներից մեկը, մասնավորապես փրկարար գործառույթը, սկիզբ է առել հենց տարածքային կառավարման նախարարության կազմում։ համանման կառույցները, որոնք դեռեւս գտնվում են ԱԻՆ համակարգում, մասնավորապես սեյսմիկ ծառայությունը, օդերեւութաբանության ծառայությունը, սրանք եւս նախկինում եղել են տարածքային կառավարման նախարարության կազմում։
Եւ այլն, եւ այլն:

Եւ ի՞նչ: Ուղիղ տասնհինգ ամիս անց անիվը հետ եք պտտեցնում:
Ոչ թե որովհետեւ իրեն չարդարացրեց, այլ ինչպես պարզվում է՝ «Քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ պայմանավորված»
Այսինքն, արդյունավետ կառավարման սկզբունքը զոհաբերվում է հանուն քաղաքական գործարքի՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ, եւ դուք դա ընդունում եք ամենայն անկեղծությամբ: Այդ անկեղծության համար շատ շնորհակալ ենք:

Այդուհանդերձ, ծագում են հարցադրումներ, որոնց պատասխանը դուք չեք տալիս:
Աշխարհում գոյություն չունի որեւէ ժողովրդավարական երկիր, որում խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող կուսակցությունը գնում է կոալիցիայի ստեղծման:
Կոալիցիոն կառավարումը բոլոր երկրներում համարվում է հարկադրված քայլ, որը թեեւ խափանում է արդյունավետ կառավարումը եւ իշխող կուսակցության ծրագրերի իրականացումը, այնուամենայնիվ, այդ քայլին ստիպված գնում են, որպեսզի հնարավորություն ունենան անհրաժեշտ որոշումներն անցկացնել խորհրդարանում:
Բայց չէ՞ որ դուք նման խնդիր չունեք: Չէ՞ որ դուք <փայլուն հաղթանակ> եք տարել 2012թ. ընտրություններում: Չէ՞ որ այդ փայլուն հաղթանակն էլ ավելի ամրապնդվեց դեռ ավելի փայլուն հաղթանակով 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով, որում դուք ձեր իսկ ԿԸՀ պնդումներով ջախջախիչ հաղթանակ եք տարել «ՈՉ»-ականներիս նկատմամբ:
Այսօր դուք պետք է համարեիք, որ բացարձակ մանդատ եք ստացել ժողովրդից՝ երկիրը ձեր ծրագրով տանելու ուղղությամբ: Եւ ուրեմն՝ ո՞րն է այն առեղծվածի բացատրությունը, թե ինչո?ւ եք դուք այնուամենայնիվ, գնում կոալիցիա կազմելու ՀՅԴ հետ, որն այդ բանակցություններում կարող է պահանջներ դնել ու հասնել դրա իրականացմանը:

Փորձենք բացատրել, որովհետեւ շատ կարեւոր է, որ մեր ժողովուրդն այս գործընթացի մասին հասկանա ամեն ինչ.

Բանն այն է, որ դուք էլ, ՀՅԴ-ն էլ հակառակ բոլոր ձեր հրապարակային հայտարարությունների, շատ լավ էլ գիտեք, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեում կրել եք խայտառակ պարտություն, դուք էլ գիտեք, որ այդ օրը ժողովուրդը զանգվածաբար ՈՉ է ասել Հայաստանում տիրող ռեժիմին, ՈՉ է ասել եւ ՀՀԿ-ին, եւ ՀՅԴ-ին եւ սահմանադրական փոփոխությունները սատարող մյուս բոլոր ուժերին: Իսկ հանրաքվեն կեղծելուց հետո ժողովուրդն էլ ավելի է տրամադրված իշխանության դեմ, ուստի՝ դուք որեւէ շանս չեք տեսնում առաջիկա պառլամենտական ընտրություններում քիչ, թե շատ օրինական ընտրություններով հաղթելու: Սա հասկանում եք ե՛ւ դուք, ե՛ւ ՀՅԴ-ն: Հետեւաբար՝ ձեր գործարքը ոչ այլ ինչ է, քան լռելյայն համաձայնություն առ այն, որ ապագա խորհրդարան դուք կարող եք մտնել միայն օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը, միայն չարաշահելով պետական իշխանության լծակներ եւ նորից կեղծելով ընտրությունները:

Ո՞վ է տեսել, որ որեւէ կուսակցություն ընտրություններից մեկ տարի առաջ կոալիցիայի մեջ մտնի իշխող կուսակցության հետ, որն իրենց իսկ խոստովանությամբ, հեղինակազրկված է ժողովրդի աչքերում: Քաղաքական տարրական այբուբենին տիրապետող ցանկացած մարդ հասկանում է, որ դա այդ կուսակցության քաղաքական ինքնասպանության ամենակարճ ճանապարհն է: Ուրեմն՝ ինչո՞ւ է ՀՅԴ-ն ընտրել այդ ճանապարհը: Որովհետեւ 2012թ. ընտրությունից եւ 2015թ. հանրաքվեից հետո դաշնակցությունը հասկացել է, որ որեւէ հույս չունի ապավինելու ժողովրդի համակրանքին, ուստի՝ իր վերընտրման միակ ճանապարհը տեսնում է ձեր ստեղծված ընտրակեղծարար համակարգին միանալու մեջ:
Բայց մի հարց էլ կա, որ պահանջում է բացատրություն. ի՞նչն է դրդել ՀՀԿ-ին այդքան լուրջ զիջումներ կատարելու ՀՅԴ-ին: Չէ՞ որ երեք պորտֆելների եւ հատկապես տարածքային կառավարման եւ Կրթության նախարարությունների հանձնումը ՀՅԴ-ին մեծ նվեր է ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման առումով: Այն բացատրությունը, որ դա արվում է ընտրություններից առաջ հանրության քննադատության սլաքը ինչ որ չափով միայն ՀՀԿ-ից շեղելու նպատակով, երկրի կառավարման ձախողման պատասխանատվությունը լղոզելու նպատակով, դեռ բավարար չէ բացատրելու համար, թե ինչպես ՀՅԴ-ն թելադրեց իր գործարքի իր պայմանները:

Բուն խնդիրը շատ ավելի խորն է թաքնված. 2017թ. խորհրդարանական ընտրություններում ընդդիմության դեմ պայքարում Սերժ Սարգսյանի համար ամենամեծ պրոբլեմը կարող էր ստեղծվել հենց ռեժիմի ներսում: Թեկուզ տեսական,բայց այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի համար վտանգ կար, որ ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանը կկարողանար ստեղծել ընտրական մի դաշինք, որի մեջ կմտնեին իր հետ ավանդական կոալիցիոն համագործակցության մեջ եղած կուսակցությունները, այդ թվում՝ ՀՅԴ-ն:
Մեկ կուսակցության հարցերը, որի մասին ես այսօր չեմ ցանկանում խոսել, կիսատ-պռատ, բայց լուծել են արդեն: Եվ եթե այդ խաղից դուրս հանեն նաեւ ՀՅԴ-նը, ապա անգամ այդ տեսական սցենարն արդեն իրագործման որեւէ հնարավորություն չի ունենա: Սա է պատճառը, որ Սերժ Սարգսյանն ամեն գնով փորձեց ներգրավել ՀՅԴ-ին կոալիցիայի մեջ:
Դե ինչ, մեզ՝ ընդդիմության համար եւ մեր ամբողջ հասարակության համար այս քաղաքական գործարքի արդյունքները գոհացուցիչ են անկախ նրանից, թե ինչքան շահադիտական եւ պատեհապաշտ էին այս գործարքի բուն դրդապատճառները:
Այս քաղաքական խաղի արդյունքում բավական լուրջ պոտենցիալ ունեցող ուժեր, որոնք կարող էին շեղել ժողովրդի ուշադրությունը ռեժիմի եւ ընդդիմության միջեւ ծավալվող պայքարի մասին հստակ ընկալումից, ըստ էության չեզոքացված են, ինչի համար Սերժ Սարգսյանին կարելի է միայն շնորհակալություն հայտնել: Իշխանություն-ընդդիմություն պայքարի դաշտը սրանով ավելի բյուրեղացված կդառնա: Այս լավատեսական եզրակացությամբ էլ ավարտեմ ելույթս: Ավելացնեմ միայն, որ մենք բնականաբար Ազգային Ժողովում նրա համար չենք գտնվում, որ սպասարկենք նման ճղճիմ գործարքներ, հետեւաբար եւ դեմ ենք քվեարկելու օրինագծին:

Շնորհակալություն բոլորին համբերության կամ անհամբերության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29