Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաները հաճախ ձանձրույթից են ժամերով նստում համակարգչի առջև». հոգեբան

Փետրվար 19,2016 16:46

«Ապահով համացանց» ծրագրի շրջանակներում 2009 թվականից դպրոցներում հանդիպումներ, բաց դասեր են կազմակերպվում աշակերտների, նրանց ծնողների ու ուսուցիչների հետ՝ փորձելով տեղեկացնել, թե ինչպես կարելի է արդյունավետ և, որ ավելի կարևոր է, անվտանգ օգտվել համացանցից:

Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը:

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ համակարգչից կախվածությունը երեխաների մոտ հիմնականում ձևավորվում է 6-7 տարեկանից և իր գագաթին է հասնում 10-11 տարեկանում. «Հաճախ համացանցը հաճույք է պատճառում, որովհետև կարողանում ես կտրվել իրականությունից, հանգստանալ: Բայց երբ չես կարողանում ինքդ քեզ հրահանգել, կարգադրել, որ վերջ տաս, դա արդեն կախվածություն է»,- ասաց հոգեբանը:

Քանի որ այս առումով առավել խոցելի են երեխաները, հոգեբանն այստեղ կարևորում է ծնողների վերահսկողությունը, սակայն պետք է խուսափել կոպիտ գործողություններից. «Համակարգիչը փակելը, գաղտնաբառ դնելը և նմանատիպ քայլերն ավելի են սրում իրավիճակը,- վստահեցնում է Ս. Խուդոյանը:- Շատ ծնողներ իրենց հիմնական սկզբունքն անընդհատ հրահանգելն են համարում՝ սա արա, սա մի արա… Այս ամենը միշտ հակառակ ռեակցիա է առաջացնում: Պետք է երեխային սովորեցնել, որ ինքն իրեն կարգադրություններ անի: Դաստիարակության նպատակը պետք է լինի՝ դու արա, դու քեզ հրամայի, դու պետք է քեզ հրահանգես, դու պետք է դասերդ սովորես… Իսկ եթե չես կարողանում ինքդ քեզ հրամայել, ես քեզ կօգնեմ, այսինքն՝ ինքս կհրամայեմ: Այստեղ արդեն երեխան «թասիբի է ընկնում»՝ ո՞նց չեմ կարողանում…»:

Ս. Խուդոյանի դիտարկմամբ՝ երեխաները շատ դեպքերում ձանձրույթից են ժամերով նստում համակարգչի առջև, և այստեղ կա նաև ծնողի մեղավորությունը. «Նա ցույց չի տալիս այնպիսի զբաղմունքներ, որոնք երեխայի համար հետաքրքիր են, արգելում է բակ գնալ և այլն: Բա ի՞նչ անի այդ երեխան»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29