Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հարցրեց պատգամավորներին՝ ե՞ս եմ մեղավոր, թե՞ էս դահլիճում նստածներիցդ շատերը:
«Հարգելի’ պարոն, սա քաղաքական գործարք չէ, սա համագործակցություն է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի քննադատություններին՝ ՀՀԿ-ՀՅԴ գործարքի մասին:
Շարմազանովի խոսքերով՝ քաղաքական գործարքներ եղել են ձեր մոտ, եւ հենց այդ գործարքի պատճառով է, որ մեկ օրվա ընթացքում փոշիացաք: Սա համագործակցություն է:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ավելացրեց. «Քաղաքական գործարք կատարվեց 95-96 թթ՝ հանցավոր համագործակցության դաշտում կասեցվեց ՀՅԴ-ի գործունեությունը»:
Կարդացեք նաև
Վահրամ Բաղդասարյանը համաձայնեց, որ ինչ ուզում՝ անում են. «Որովհետեւ մենք ենք պատասխանատվությունը կրում: Ինչ է, պատասխանատվությունը պետք է մենք կրենք, կառուցվածքը կառավարության դուք ասեք, մենք էլ համաձայնե՞նք»:
Ինչ վերաբերում է քննադատություններին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է»:
Իսկ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ իր ամփոփիչ ելույթում ասաց, որ ինքը նեղսրտել է ելույթներից. «Երբ քաղաքական համագործակցություն, քաղաքական նպատակահարմարություն եզրույթների վրա զարմանում է մի քաղաքական ուժ, որի ղեկավարը քաղաքական տանտիրոջից վերածվում է քաղաքական վարձակալի, կամ քաղաքական խմբակցության շրջանակներում քաղաքական ապաստարան տրամադրելու գործառույթի: Անկեղծության վրա ինչի՞ եք զարմանում, չե՞ք տեսել, թե՞ նորություն է: Երբ զոհաբերությունից եք խոսում, օրինակ, ես ավելի վատ եմ տանում, երբ զոհաբերվում են մարդկային հարաբերությունները, երբ զոհաբերվում են ճիշտ արժեքները: Երբ մեղավորներ եք փնտրում, էդ մեղավորներին ձեր մեջ մի մոռացեք փնտրել, որովհետեւ ես մի հարց կարող եմ ձեզ տալ՝ ե՞ս եմ մեղավոր, թե՞ էս դահլիճում նստածներիցդ շատերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ