Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրաքվեի ընթացքում այլ անձանց փոխարեն քվեարկողներն ու նրանց օժանդակողը տուգանվեցին 500.000 դրամով

Փետրվար 19,2016 16:37

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, Երեւանի 114 դպրոցում տեղակայված 10/20 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու գործով դատական նիստ:

Արմեն Մեհրաբյանին, Արամայիս Նադարյանին եւ Դավիթ Նադարյանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ հանրաքվեի օրը նրանք գրանցված լինելով տարբեր տեղամասերում, գնացել եւ քվեարկել են Երեւանի 114 դպրոցում տեղակայված 10/20 ընտրատեղամասում: Իսկ Լուսինե Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ թույլատրել է վերոնշյալ քաղաքացիների իրենց անձնագրերով քվեարկել Լուսինե Ասլանյանի, Մարիամ Դեմիրճյանի եւ Անահիտ Հարությունյանի փոխարեն, ընտրացուցակի 1-ին, 2-րդ, 3-րդ համարի ներքո գտնվող սյունակներում:

Ամբաստանյալները միջնորդել էին արագացված կարգով դատաքննություն իրականացնել։ Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը խնդրեց Արմեն Մեհրաբյանի, Արամայիս Նադարյանի եւ Դավիթ Նադարյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել տուգանք՝ 500.000 դրամի, իսկ Լուսինե Մնացականյանի նկատմամբ՝ 600.000 դրամի չափով։

Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու։ Քիչ առաջ հրապարակված վճռով բոլոր 4 անձանց նկատմամբ որպես պատիժ նշանակվեց տուգանք 500.000 դրամի չափով։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29