Փետրվարի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Աբուզար Էբրահիմի Թորքամանի գլխավորած պատվիրակությունը:
Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց Իրանի անուրանալի ներդրումը տարածաշրջանում խաղաղություն պահպանելու գործում, բարձր գնահատեց հայ–իրանական բարեկամությունը, որը դարերի պատմություն ունի: Նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ նոր շենքում մեզ այցելած առաջին միջազգային պատվիրակությունը մեր ամենամոտ հարևանն է: Այսպիսի ասացվածք կա՝ «Լավ հարևանը լավ հարազատից էլ լավ է»: Իրանի պարագայում այդպես է: Խորապես շնորհակալ ենք, որ իրանական կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերը Իրանի Իսլամական Հանրապետությունում ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին, պահեն պահպանեն ազգային մշակույթն ու լեզուն»:
Դոկտոր Էբրահիմին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, շնորհավորեց նոր շենքում հաստատվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նոր շենքում էլ ավելի շատ լավ առիթներ ու մշակութային կարևոր իրադարձություններ նշելու առիթներ կլինեն: Նա մասնավորապես նշեց. «Իմ ղեկավարած կազմակերպությունը պատասխանատու է Իրանում տարբեր կրոնների երկխոսության համար: Զբաղվում ենք տարբեր կրոնների ներկայացուցիչների, մասնավորապես փոքրամասնությունների պաշտպանության հարցերով»:
Դոկտոր Էբրահիմին անդրադարձավ նաև Իրանի վեց միլիոնանոց սփյուռքի հետ տարվող աշխատանքներին, հատկապես մշակութային կապերին: Նա կարևորեց Հայրենիքի հետ մշակութային ամուր կապերի դերը Սփյուռքի պահպանման և զարգացման համար, ինչի վառ օրինակ է Իրանի հնամյա և ծաղկուն հայկական համայնքը:
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Աբուզար Էբրահիմի Թորքամանը մասնագիտությամբ իրավաբան է: Նա մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ