Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աղայան. Իշխանություններն իրենց համար մի մեծ ծուղակ են լարել

Փետրվար 19,2016 16:22

«Եթե ուզում ենք ունենալ ազգային պետություն, պետք է ունենանք ազգային իշխանություն»,- փետրվարի 19-ին Հայազն կուսակցության խորհրդաժողովի ընթացքում հայտարարեց կուսակցության անդամ Արմեն Աղայանը:

Ըստ նրա, եթե իշխանափոխություն կատարելու ցանկություն կա, ապա պետք է լինի այն այլընտրանքը, որը կապահովի այն. «Եթե այդ այլընտրանքը չունի ազգային պետական ճգնաժամը հաղթահարելու արժանի ծրագիր, ապա կարելի է ասել, որ իշխանափոխությունը ոչ միայն անհնար է, այլ նաեւ, եթե այն հնարավոր լիներ, անիմաստ կլիներ: Նույն բանը կարելի է ասել նախորդ գրեթե բոլոր ձեւաչափերի ժամանակ, որովհետեւ ազգային պետական ճգնաժամը հաղթահարելու ծրագիր, կարելի է ասել, չենք տեսել: Եթե ուզում ենք ունենալ ազգային ընդդիմություն, ապա մենք այսօրվանից պետք է ինքնակազմակերպման խնդիրը լուծենք: Սակայն, ինքնակազմակերպումը մի կազմակերպության շրջանակներում, սովորաբար, չի լինում, մենք գիտենք, որ հայ ժողովուրդն ընդհանրապես ապակուսակցական ժողովուրդ է, եւ կուսակցական պառակտվածության բոլոր դրսեւորումներին շատ վատ է վերաբերվում եւ միշտ կասկածանքով է նաեւ, հատկապես՝ վերջին տարիների փորձը նրան թերահավատության իրավունք է տալիս: Հետեւաբար՝ կազմակերպել ասելով, այս դեպքում մենք պետք է հասկանանք մարդկանց մասնակցությունը ընդդիմադիր առաջնորդների թիմը ձեւավորելու հարցում»:

Արմեն Աղայանը համարում է, որ քաղաքական զարգացումները հետընթաց չունենան, անհրաժեշտ է ոչ թե մեկ անձ, այլ ընտրված թիմ. «Ինքնահռչակ թիմեր մենք շատ ենք տեսել շատ մեծ հավակնություններով, որոնք վերջնաժամկետ են տվել ռեժիմին, սակայն այդ վերջնաժամկետը ստիպված են եղել հետաձգել եւ ոչ մեկ անգամ: Այս պահից սկսած «Հայազնը» իր առջեւ դնում է մեկ խնդիր՝ բոլոր մարզերում կազմակերպել հարյուրավոր, ընդհանուր առմամբ, հազարավոր մարդկանց մասնակցությամբ քաղաքական խորհրդի ընտրություն»:

Նա հավելեց նաեւ, որ կատարված աշխատանքները իրենք կամփոփեն մեկ այլ խորհրդաժողովով, որով մեկնարկ կտրվի պաշտոնական նախընտրական արշավին մասնակցությանը. «Սակայն, եկեք հասկանանք, որ այս ամենը ընտրություններով չի սկսվում եւ ավարտվում: Դրանց մասնակցելը երեւի թե ընդհանրապես անիմաստ է, եթե խնդիրը ժողովրդից հետիշխանափոխության եւ հեղափոխության ամրացումը չէ, եւ այդ մանդատը հետընտրական զարգացումները իրացնելը չէ: Եթե իշխանություններին թվում է, թե իրենք այս սահմանադրական փոփոխություններով կարողացել են այսպիսի մի իրավիճակ ստեղծել, որ իրենք անհաղթելի դառնան, ապա կարծում եմ, շատ շուտով նրանք համոզվելու են, որ դա այդքան էլ այդպես չէ, որովհետեւ իրենք իրենց համար մի մեծ ծուղակ են լարել, ինչը գումարվելով Հայաստանում տիրող ճգնաժամին շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29