«Հայազնը» մշակել է եւ հայ ժողովրդի դատին է ներկայացնում մի նախագիծ, որը կարելի է կոչել ընդդիմությանափոխություն. ընդդիմադիր դաշտի գաղափարական եւ կազմակերպչական թելերի փոփոխություն»,- փետրվարի 19-ին «Հայազն» կուսակցության խորհրդաժողովի ընթացքում հայտարարեց կուսակցության անդամ Արմեն Աղայանը:
Նա նշեց, որ «Հայազնը» առաջարկում է ազգովի բոլոր մարզերում հազարավոր ընտրողների մասնակցությամբ ձեւավորել ընդդիմադիր պայքարը, ազգային պետական ճգնաժամը հաղթելու պայքարը Հայաստանում համակարգող քաղաքական մարմին՝ Ազգային հեղափոխության քաղաքական խորհուրդ անունով: Դրան զուգահեռ Հայազնը առաջարկում է նաեւ ընտրել ազգային հեղափոխականների, պատգամավորության թեկնածուների միասնական ցուցակ:
«Նախորդ տասնամյակների քաղաքական փորձը մեզ ցույց է տվել, որ հիմնական քաղաքական գործընթացները տեղի են ունենում ընտրություններից առաջ եւ հետո, որ Հայաստանում քաղաքական պայքարն առաջնորդում է այն ձեւաչափը, այն առաջնորդը կամ առաջնորդների թիմը, որը ժողովրդից ստանում է այդ գործընթացները առաջնորդելու մանդատ, իշխանափոխության եւ հեղափոխության մանդատ: Ուստի՝ մենք կարեւորեցինք հատկապես այս ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում կազմակերպել այդ ընտրությունները»,- ասաց Արմեն Աղայանը:
Նա համարում է, որ իշխանափոխությունը իմաստ չունի, եթե դրան չեն հաջորդում խորքային քաղաքական փոփոխություններ եւ եթե դրա արդյունքում ազգային պետություն չի ստեղծվելու. «Հետեւաբար՝ հարց է առաջանում, թե ո՞վ պետք է այդ փոփոխությունները իրականացնի, այսինքն հայ ժողովուրդը ո՞ւմ է վստահում, ոչ միայն նոր իշխանությունը, այլեւ նոր իշխանությունից հետո փոփոխությունների ո՞ր ծրագրին է հավանություն տալիս: Հետեւաբար շատ կարեւոր է, որ Հայաստանում ոչ միայն իշխանությունը ընտրվի, այլ ընտրվի նաեւ ընդդիմությունը: Մենք միշտ բողոքում ենք իշխանության չընտրվածությունից, ինքնահռչակ լինելուց, բայց ուշադրություն չենք դարձնում, որ մեր ընդդիմադիր կառույցներում ներքին ընտրություն, ժողովրդական աջակցություն, ըստ էության, գոյություն չունի, բացակայում է, բոլոր առաջնորդները ինքնահռչակ են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ