ԱԺ արտահերթ նիստում տարածքային եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների բաժանման հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց այն քննադատություններին, որոնք հնչեցին ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունից բխող այդ քայլի հետ կապված:
Աղվան Վարդանյանը հիշեցրեց. «Հստակ ասվեց՝ նախարարությունը բաժանում են քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ: Սա չեն ուզում հասկանալ որոշ ուժեր: Խոսում են ՀՅԴ-ի անունից, խորհուրդներ են տալիս: Ձեզ նայեք, դո՞ւք ինչ եք արել, մի փուշ հանե՞լ եք էս ժողովրդի մատից:
ՕԵԿ-ը այստեղ քաղաքական հայտարարություններ է անում: Արտակարգ իրավիճակների վարչություն էր տարիներ առաջ: Առանձին նախարարություն դարձավ՝ քաղաքական դրդապատճառով եւ հենց Մհեր Շահգելդյանն էլ նախարար դարձավ, էսքա՞ն է ձեր հիշողությունը: Մենք ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողովներ ունենք՝ իրենց նախագահներով, տեղակալներով, ծառայողական մեքենաներով, էդքան խիստ անհրաժեշտությո՞ւն է, թե՞ քաղաքական նպատակահարմարություններ են՝ այդքանը ստեղծելով եւ տեղավորելով»:
Նա վստահեցրեց, որ հայհոյանքները, չարախոսությունը հետ չեն կանգնեցնելու իրենց՝ ծառայության իրենց սկզբունքներից: ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը վարկաբեկելու փորձերը, «աչոկ» հավաքելը, ըստ նրա, դեռ լինելու է. «Շարունակեք նույն ոգով: Մենք աշխատանքի եւ պատասխանատվության կողմնակից ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ