Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի տոնին նվիրված բարեգործական համերգը կրքեր է բորբոքել

Փետրվար 19,2016 15:45

2016 թ. հունվարի 28-ին, Գլենդելի «Ալեքս» թատերասրահում, Հայոց բանակի 24-րդ ամյակին նվիրված բարեգործական համերգը կրքեր է բորբոքել: Համերգի հասույթը այդպես էլ չի ուղղվել Հայոց Բանակին:

Համերգի կազմակերպիչ «Grand Party» կազմակերպության նախագահ Արտակ Մարտիրոսյանը պարզաբանել է, որ հասույթ չի եղել, փոխարենն իրենց կազմակերպությունը մեծ պարտքեր է կուտակել:

banaki 24 amyak medalՕրերս էլ ամերիկաբնակ հեղինակ-կատարող Արմեն Մովսիսյանն է վերադարձրել համերգի առիթով ստացած «Զինվոր Հայրենյաց» մեդալը, ապա Ֆեյսբուքի իր էջում գրել, որ այդ քայլին է դիմում, քանի որ չի կարողացել օգտակար լինել Հայոց բանակին՝ դրամահավաքի հարցում նաեւ համոզված է, որ պարգեւատրությունը ավելորդ էր, քանի որ մեդալը չամիչ չէ:

Margarita-Xachatryan-1Aravot.am-ը «Զինվոր հայրենյաց» մեդալը հիմնադրած «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում Արմեն Մովսիսյանի մեդալը վերադարձնելուն: «Ես իրեն գրել եմ, որ մեդալը վերադարձնելու կարիք չկա, անկախ նրանից՝ համերգը ինչպես է կայացել: Ես Արմեն Մովսիսյանին շատ լավ գիտեմ, իրեն գրել եմ՝ հարգարժան, «Զինվոր հայրենյաց» մեդալը հետ տալու կարիք չկա: Եթե եկամուտ չի եղել, ոչինչ, ես հո մեդալները հետ չե՞մ պահանջելու, ինքը երեւի վիրավորվել է, որ ասել եմ՝ այո, մեդալը չամիչ չէ, երբ որոշ մարդիկ ինձ զանգեցին ու ասացին, մեդալ է պետք, ես ասացի, որ դա պետք է վաստակես, արժանանաս»,-պատասխանեց Մարգարիտա Խաչատրյանը:

Մեր դիտարկմանը՝ արդյոք բանակի անունը շոշափող ու հետո ինչ-ինչ սկանդալների համատեքստում քննարկվող միջոցառումները չեն վարկաբեկում բանակի անունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես 22 տարի բանակում եմ, եւ նշում եմ, որ ոչ մի համերգային ծրագրի աջակցություն չի եղել, ոչ մեկին էլ մեդալ չեմ տվել: Այս դեպքում՝ քանի որ նախկին զինծառայողները փորձեցին բանակի 24-րդ տարեդարձը նշել, եւ մասնակիցների մեծ մասը երիտասարդներ էին, մտածեցի, որ իմ քայլը նրանց ուղղված Հայաստանը չլքելու ուղերձ կլինի: Համերգն իրականացնողները նախկին զինվորներ էին, նախարարի ուղերձն էլ կար, որ շնորհակալ ենք, դուք հայրենանվեր գործ եք անում այդտեղ: Մարդիկ չեն մտածել, որ ոմանք տոմսերը կվերցնեն ու չեն գա համերգի: Ինչ-որ մարդիկ, որ հիմա Ամերիկայում բարձր պաշտոններ ունեն ու ժամանակին Հայաստանից փախել են, խոչընդոտել էին, որ համերգը չկայանա…

Ես համերգի մասնակիցներին ասացի՝ երիտասարդներ, երբ գումարը կնստի համակարգող խորհրդի հաշվեհամարին, ես կտանեմ այն պաշտպանության նախարարի մոտ ու կասեմ, որ սահմանամերձ շրջանի այս կամ այն զորամասերում ծրագիր կա իրականացնելու, ո՞նց եք գտնում պարոն նախարար: Բայց քանի որ գումար չհավաքվեց, երեխեքը զանգեցին՝ ասացին, որ տիկին Մարգարիտա, խայտառակվեցինք, ես էլ ասացի՝ ոչ մեկը չի խայտառակվել, էդպես որ լինի Հայաստանում օրական համերգ են դնում ու հանում, իսկ ով բանակի հետ թեկուզ փոքր առնչություն ունեցող որեւէ գործ է անում, արժանի է պարգեւատրման»:

Մեր հարցին՝ պատահե՞լ է, որ էլի բանակին նվիրված համերգ լինի ԱՄՆ-ում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սա առաջին դեպքն է եւ կլինի վերջինը»:

Հարցրինք՝ իսկ հատկապես ո՞ւմ նկատի ունի, ասելով, որ Հայաստանից ժամանակին փախել են ու հիմա ԱՄՆ-ում բարձր պաշտոնների են, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահը ձեռնպահ մնաց պատասխանել. «Ես ոչ մեկի չեմ ճանաչում, արտասահմանի հետ էլ կապ չունեմ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29