Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը դժգոհեց, որ կառավարությունը նախագիծ է բերել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները բաժանելու մասին եւ հիմնավորում են, որ դա քաղաքական համագործակցության անհրաժեշտության համար են անում, ոչ թե արդյունավետ կառավարման. «Մենք պարտավոր չենք երկու քաղաքական ուժերի համագործակցության արդյունքում առաջացած կառավարման համակարգի փոփոխությանը կողմ քվեարկել: Հիմնավորում է անհրաժեշտ»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց՝ մենք երկու քաղաքական ուժերով որեւէ մեկին չենք պարտադրում մեր որոշումները, քննարկում ենք, որ յուրաքանչյուրն իր խղճի եւ մտքի համապատասխան քվեարկի:
ԱԺ մյուս փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ վստահեցրեց, որ որեւէ մեկը ԱԺ դահլիճում չի գործում ի վնաս ՀՀ-ի. «Մեր պետությունը տարիների ընթացքում կոալիցիոն կառավարություն ստեղծելու բավականին մեծ փորձ ունի: Այդ գործողությունները ամրագրվելու են համապատասխան հուշագրով, որը ցույց է տալու այն մտքերը, գաղափարները, որը միավորող քաղաքական ուժերը գնում են այդ քայլին: Կառավարության կառուցվածքը նպատակ չի ու դոգմա չի, օպտիմալացումը, մաքսիմալացումը, դրանք բոլորը գործիքներ են»:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց ընդդիմախոսներին՝ «Այ եթե դուք կլինեք իշխող ուժը, դուք կանեք այնպես, ինչպես քաղաքականապես նպատակահարմար եք համարում: Իսկ մյուսները ստիպված կամ ձեր արգումենտի ուժը պիտի ընդունեն, արգումենտի պարտադրանքով շարժվեն, կամ քվեարկեն այնպես, ինչպես իրենց խիղճն է թելադրում: Մեզ համար այս քաղաքական համագործակցությունն ունի նպատակ եւ իմաստ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ