Այսօր՝ Հովհաննես Թումանյանի 147-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանում մի շարք դպրոցների աշակերտների մասնակցությամբ կազմակերպվեցին ընթերցումներ:
Գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն Aravot.am-ի հետ զրուցում ասաց, որ իր սիրելի ստեղծագործություններն են թումանյանական քառյակները, «Մարո» պոեմը. «Թումանյանի պոեզիան հուզիչ է, տպավորիչ եւ վերցված է ժողովրդի սրտից: Նա մտածել է ժողովրդի մասին, գրել ժողովրդի ցավերի մասին, մասնակցել բազմաթիվ քաղաքական ակցիաների՝ հայ-թուրքական գզվռտոցի ժամանակ հանդես գալով սպիտակ դրոշով: Թումանյանն այն եզակի գրողներից է, որի ստեղծագործություններում պատերազմ, ջարդել-փշրել-կոտորել չկա… Եվրոպական բոլոր մեծ գրողների գործերում պատերազմ կա, իսկ Թումանյանի մոտ՝ խաղաղության ու հանգստության կոչ»:
Տնօրենից հետաքրքրվեցին, թե որքանով է ճիշտ համարում Թումանյանի վերահրատարակված ստեղծագործությունների խմբագրումը. «Հիմա օգտագործում են «սեղմագիր» հասկացությունը՝ երիտասարդներին հրապուրելու համար: Դասական հրատարակություններին ձեռք չեն տալիս, բայց հրատարակիչները երեւի շուկայի պահանջից ելնելով՝ ավելի ճկուն են գործում: Եթե ուզում եք դասականը կարդալ, ընտրեք ակադեմիական հրատարակությունները»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ