Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր երկրում չափազանցված է մշակույթի նախարարության դերը». Ռուբեն Բաբայան

Փետրվար 19,2016 15:05

«Յուրաքանչյուր փոփոխություն պետք է հստակ տրամաբանված լինի՝ հանուն ինչի է այդ որոշումը կայացվում»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ նկատի ունենալով վերջին շրջանում մշակութային մի շարք հաստատություններում տեղի ունեցած փոփոխությունները՝ կրճատումներ, նոր նշանակումներ և այլն:

«Եթե այս կամ այն որոշումը կայացվում է մարդկանց ամբիցիաները բավարարելու համար, հարցականներ են միշտ մնում, իսկ եթե փոփոխություններն արվում են թատրոնի կամ մշակութային մեկ այլ օջախի ստեղծագործական կյանքը բարելավելու, ավելի հետաքրքիր դարձնելու համար, ապա պարզաբանումներ տալը շատ հեշտ է: Մյուս կողմից էլ, ոչ մի արվեստագետ չի կարող ցմահ կպած մնալ ինչ-որ տեղից: Եվ պետք էլ չէ»,- ասաց Ռ. Բաբայանը:

Սակայն բազմաթիվ նշանակումներ, ըստ նրա, պարզապես չեն բացատրվում գործի պահանջներից ելնելով, այլ՝ «ինչ-որ մեկը բարեխոսեց», «ինչ-որ մեկին պետք է աշխատանքի դասավորել» և այլն. «Բայց միշտ որևէ որոշում կայացնելուց առաջ պետք է մտածես նաև հետևանքների մասին,- համոզված է Ռ. Բաբայանը,- որովհետև յուրաքանչյուր արվեստագետ այնքան դրական ու բացասական կողմեր ունի, և ամեն անգամ նշանակումներ անելուց առաջ պետք է մտածել, թե ինչպիսի մթնոլորտ ենք մենք ստեղծում, արդյոք նա կարո՞ղ է իր բոլոր դրական կողմերը դրսևորել»:

Ռ. Բաբայանը կարծում է, որ տաղանդը ցմահ տրված հատկություն չէ, այն հաճախ ժամանակային որոշակի սահմանափակում ունի, հետևաբար՝ տաղանդավոր մարդուն պետք է բարձր գնահատել այն ժամանակ, երբ նա տաղանդավոր է. «Որովհետև հետո կարելի է ուշանալ: Հետո կլինեն կոչումներ, պարգևներ և այլն, բայց դրանք արդեն մեխանիկական ու բովանդակությունից զուրկ գործողություններ կլինեն»:

Բաբայանը համոզված է, որ թատրոններում կրճատումների ու նշանակումների հարցը չպետք է մշակույթի նախարարությունը լուծի: Դրանով պետք է զբաղվեն թատրոնը ղեկավարող մարդիկ. «Ես կարծում եմ, որ մեր երկրում չափազանցված է մշակույթի նախարարության դերը: Վերջինս, ըստ իս, պետք է ոչ թե կազմակերպչական, այլ ստրատեգիական հարցերով զբաղվի` օրենքների մշակում, փորձագետների խմբի ձևավորում և այլն: Ես կարծում եմ, որ մշակույթի նախարարությանն ինչքան շատ վերապահվի գերատեսչության դեր, այնքան ավելի շատ դեմ կառնենք նման վիճակների»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29