«Չէի ցանկանա, որ այս նախագիծը ներկայացներ Արփինե Հովհաննիսյանը: Նման պրոֆեսիոնալ կերպով հիմնավորել անհիմնավորելին թերեւս այս կառավարությունում կարող էր միայն տիկին Հովհաննիսյանը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները բաժանելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա պատգամավորներին հիշեցրեց, թե արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը նույն ԱԺ ամբիոնից ինչ խոսքերով էր հիմնավորում, թե ինչու է խիստ անհրաժեշտ միավորել արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները. «Նախագծի նպատակն է էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ, կառուցվածքի առավել օպտիմալ տարբերակ է սա: Երկու նախարարությունների միաձուլումը կնպաստի բյուջեի միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը, խնայողությանը եւ կնպաստի նախարարությունների գործառույթները համատեղել: Այսօր հիմնավորումը մեկն է՝ քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ պայմանավորված: Այսինքն, կառավարությունը կասկածի տակ չի էլ դնում միավորման արդյունավետությունը: Ստացվում է՝ աշխատում են արդյունավետ, բայց քաղաքական նպատակահարմարության տեսակետից մեզ այդպես է պետք»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, մեզ այդպես է պետք-ը չպետք է դառնա քաղաքական աքսիոմա:
Նախարարությունները այսպես կիսելը Նաիրա Զոհրաբյանին հիշեցրեց լեյտենանտ Շմիդտի որդիների պատմությունը՝ «Սա ինձ, սա քեզ, սա ինձ, սա՝ քեզ, միայն արդարաբար Շուրա՛»:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն կտրականապես դեմ է քաղաքական այս առեւտրին ինչ-որ կերպ իր մասնակցությունը բերել:
Նա հաջողություն մաղթեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը եւ ի սրտե մաղթեց, որ այդ համագործակցությունը հաջողի՝ հանուն Հայաստանի բարեկեցության եւ դրա արդյունքում հնարավոր լինի լուծել երկրի առջեւ կանգնած խնդիրները: Բայց այսպիսի նախագծերին՝ մեզ էդպես է պետք, մենք էսպե՛ս ենք ուզում, ԲՀԿ-ն կողմ քվեարկել չի կարող:
ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ կառավարությանը շնորհակալություն հայտնեց անկեղծության համար. «Շատ լավ է, որ ասվում է՝ քաղաքական նպատակահարմարության համար ենք այսպես անում»: Ըստ պատգամավորի, շատ վատ նախադեպ է առաջանում՝ մենք արդյունավետ կառավարման գաղափարը ստորադասում ենք կուսակցական, քաղաքական շահին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ