Համայնքների ղեկավարների՝ անցած տարվա կատարածի հաշվետվությունների շրջանակում փետրվարի 18-ին բերձորցիների առջև հաշվետու եղավ համայնքի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը:
Ներկա էին նաև շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, տեղակալ Արտուշ Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, ուժային կառույցների ղեկավարներ:
Բերձորն ազատագրվել է 1992 թ. մայիսի 18-ին: 1 տարի անց՝ դեկտեմբերի 2-ին, ընդունվեց կառավարական որոշում, և ստեղծվեց Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր կենտրոնով: Այժմ քաղաքում բնակվում է մոտ 1800 բնակիչ՝ 400-ից ավելի տնտեսությամբ, որից 36-ը՝ բազմազավակ: 2015-ին ծնվել է 30 երեխա, գրանցվել 11 մահ: Կազմվել է 12 նոր ընտանիք, գրանցվել է նաև 4 ամուսնալուծություն (2014-ին՝ 7):
Կարդացեք նաև
Բերձորում գործում են 2 միջնակարգ դպրոց: Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 կրթօջախը շրջանի առաջին դպրոցն է, այժմ ունի 180 աշակերտ, 43 աշխատող, որից 28-ը՝ ուսուցիչ: Վահան Զատիկյանի անվան թիվ 2 դպրոցն այս տարի կնշի հիմնադրման 20 ամյակը: Այժմ ունի 175 աշակերտ, 38 աշխատող (29 ուսուցիչ):
Բերձորի պետական մանկապարտեզում նախակրթություն են ստանում 126 մանուկներ: Քաղաքում գործում է նաև գիշերօթիկ հաստատություն, որի խնամքի տակ են ծնողազուրկ և այլ կարգավիճակ ունեցող 24 երեխա: Մարզական դպրոցն ունի 106, իսկ արվեստինը՝ 195 սան:
Ա. Սարիբեկյանն անցած սեպտեմբերին է ընտրվել քաղաքապետ և քաղաքապետարանը ղեկավարում է 2015թ. հոկտեմբերի կեսից:
Շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանը, ներկայացնելով հավաքի նպատակը՝ տեղեկացրեց նաև, որ ԼՂՀ նախագահի հրամանով Բերձորի քաղաքային գրադարանի վարիչ Սոնա Հովեյանը գրադարանային գործի ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար և ծննդյան օրվա առթիվ պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Իսկ ՇՈԲ պետ Վրույր Խաչատրյանն ու «Արցախէներգո» ՓԲԸ շրջանային բաժանմունքի տնօրեն Վիլեն Սիմոնյանը բանակ-հասարակություն կապի ոլորտում ունեցած ծառայությունների համար արժանացան ԼՂՀ ՊԲ պատվոգրի:
Պարգևները հանձնեց շրջվարչակազմի ղեկավարը: Ներկայացնելով 2015թ. քաղաքապետարանի կատարած աշխատանքները՝ Ա. Սարիբեկյանը նշեց, որ հաշվետու տարում կայացել է ավագանու 14 նիստ, ընդունվել պարտադիր կատարման 39 որոշում: Աշխատակազմը բնակիչներից և քաղաքում գործող հիմնարկ-ձեռնարկություններից ստացել է մոտ 200 դիմում ու նամակ, բոլոր գրություններին տրվել է պատասխան:
Սեփականաշնորհվել է 3 բնակելի տուն և 5 տուն-տնամերձ: Աճուրդով օտարվել է 1 հողակտոր և վարձակալության է տրվել 468ք/մ ոչ բնակելի հողատարածք: Համայնքի բյուջեն կազմել է 107.879.300 դրամ, որից 70.664.800-ը տրվել է կառավարության կողմից որպես դոտացիա, մնացածը՝ սեփական եկամուտներից: Եկամուտները կազմել են 85,3 տոկոս, ծախսերը՝ 85 տոկոս:
Հաշվետու տարում քաղաքում կատարվել են սան-մաքրման, կանաչապատման, բարեկարգման, փողոցային լուսավորության ավելացման, փողոցների հենապատերի վերանորոգման, կոյուղու կառուցման, մայթերի նորոգման, աստիճանների կառուցման, փողոցների անվանատախտակների տեղադրման, քաղաքապետարանի շենքի ընթացիկ վերանորոգման և այլ աշխատանքներ: Նշված աշխատանքների մի մասը, նաև 60 աղբարկղերից աղբի հեռացումը կատարվել է «Տաշիր» ՍՊԸ-ի և այլ կազմակերպությունների կողմից:
Քաղաքապետի հաշվետվությունից հետո ներկաները հարցեր և առաջարկներ ուղղեցին բանախոսին: Կարևորվեց աղբահանության, կոյուղիների կարգավորման, ներքաղաքային ճանապարհների բարեկարգման, թափառող շների, անտերության մատնված և բնակչությանը վնաս հասցնող ընտանի կենդանիների հարցը, այլ խնդիրներ: Հարցեր հնչեցին նաև բազմաբնակարան որոշ շենքերի վերանորոգման, կապի ու էլ. հոսանքի սյուների ամրացման, պուրակների պահպանման, երիտասարդության զբաղվածության և ժամանցի կազմակերպման խնդիրների վերաբերյալ և այլն: Հարցերին ու առաջարկություններին տրվեցին պատասխաններ նաև շրջվարչակազմի ղեկավարի, այլ պատասխանատուների կողմից:
Տեղեկացվեց նաև, որ այժմ քաղաքում կառուցվում է 1 բազմաբնակարան շենք, իսկ երկուսի հիմնանորոգումը կսկսվի տարվա ընթացքում:
Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ հավաստիացնելով, որ համայնքապետարանն իր գլխավորությամբ կաշխատի ավելի բարեկեցիկ դարձնել սիրելի Բերձորը:
Զոհրաբ Ըռքոյան