«Ինչպես փոխել աշխարհը. սոցիալ-ձեռներեցներ և նոր գաղափարների ուժը» գրքի հայերեն հրատարակությունը
Փետրվարի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Երևանի Ամերիկյան անկյունում պաշտոնապես ներկայացրեց Դեյվիդ Բորնսթայնի «Ինչպես փոխել աշխարհը. Սոցիալ-ձեռներեցներ և նոր գաղափարների ուժը» գրքի հայերեն հրատարակությունը: Գրքի հայերեն հրատարակության թարգմանության և հրատարակման հարցում դեսպանատան գործընկերն է եղել «Անտարես մեդիա հոլդինգը»: Գիրքն ընթերցողին խրախուսում է սոցիալ-ձեռներեցության միջոցով նորարարական լուծումներ տալ սոցիալական և տնտեսական խնդիրներին՝ առավել նպաստելով Հայաստանում սոցիալ-ձեռներեցության խթանմանը:
Շնորհանդեսին ներկա ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը նշեց. «Ձեռներեցությունն այն է, որ անհատները բարելավում են իրենց ու իրենց համայնքի կյանքը՝ նախաձեռնողականության, լավ գաղափարների, եռանդագին աշխատանքի ու մի փոքր էլ հաջողակ լինելու միջոցով … Գիրքը պատմում է առանձին սոցիալ-ձեռներեցների մասին, ովքեր իրենց երկրում առկա խոշոր սոցիալական խնդիրների համար կարողացել են համակարգային լուծումներ ապահովել: Գրքի պատմությունները շուկաների, ինքնաբավության կամ արդյունավետության մասին չեն, սրանք պատմություններ են այն մարդկանց մասին, ովքեր չեն կարող տեսնել, թե ինչպես են մյուսները տառապում, մարդիկ, ովքեր չեն կարող թույլ տալ, որ ընձեռված հնարավորությունները չօգտագործվեն»:
ԱՄՆ դեսպանատունը շարունակաբար փորձում է հայ ընթերցողի դատին հանձնել ամերիկյան գրքեր, որոնց հայերեն թարգմանվելու հավանականությունը մեծ չէ: Այս նախաձեռնության շրջանակում էլ ընտրվել է Դեյվիդ Բորնսթայնի «Ինչպես փոխել աշխարհը. սոցիալ-ձեռներեցներ և նոր գաղափարների ուժը» գիրքը:
Գիրքը տպագրվել է 1000 օրինակ տպաքանակով և կտրամադրվի դպրոցներին, բուհերին, ՀԿ-ներին և գրադարաններին: Գիրքը հասանելի կլինի նաև Երևանի, Չարենցավանի, Կապանի, Գյումրու և Վանաձորի Ամերիկյան անկյուններում:
ԱՄՆ դեսպանատուն