Լրահոս
Օրվա լրահոսը

Ելենա Օվսյանիկովան պնդում է, որ փոխոստիկանապետն ու ոստիկանապետի օգնականն իրեն վիրավորել ու զրպարտել են

Փետրվար 19,2016 14:23

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին նախնական նիստ էր՝ Ռուսաստանի քաղաքացի Ելենա Օվսյանիկովայի՝  պատվի, արժանապատվության պահանջով հայցն ընդդեմ Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, ՀՀ ոստիկանության և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի:

Հիշեցնենք, որ Երևանում բնակվող Ելենա Օվսյանիկովան մասնակցել է                             Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ElectricYerevan ցույցերին, այդ ընթացքում ոստիկաններին կոչ արել զերծ մնալ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելուց:

Ավելի ուշ ոստիկանապետի խորհրդականը Facebook-ում գրառում էր արել՝ Ելենային ներկայացնելով որպես «միջազգային մասշտաբի սադրիչ» ուկրաինուհի, որը, իբր, երեկոյան ալկոհոլի ազդեցության տակ անցել է Բաղրամյանը պատնեշած ոստիկանների շարքերով եւ հերթով նրանց սեռական հարաբերություններ առաջարկել:

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ պահանջել էր, որ Օվսյանիկովան հեռանա տարածքից, որովհետև «իր ոստիկանները սեռապես անբավարարված են եւ գրգռվում են նրա ներկայությունից»:

Տարածքից հեռանալու պահանջ էր ներկայացրել նաեւ «կենդանի պատի» ակտիվ անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Ելենային մեղադրելով   պրովոկացիա իրականացնելու մեջ՝ ասելով, որ նրանից սուր ալկոհոլի հոտ է փչել:

Այսօր հայցվոր կողմի փաստաբանը միջնորդեց, որ դատաքննության ընթացքում ցուցմունք տա լրագրող Հակոբ Կարապետյանը, որը միջադեպի ժամանակ ներկա է եղել Ելենայի ու ոստիկանների խոսակցությանը ու կարող է տեղեկություններ հայտնել, թե ինչ է ոստիկաններին ասել Ելենան:

Պատասխանող կողմի ներկայացուցիչները առարկեցին՝ ասելով, որ դրա իմաստը չկա, իսկ Նարեկ Մալյանի պաշտպանը՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, վկան պատմելու է այն, ինչ Ելենան. «Էլ ինչո՞ւ գա վկան, որ պատմի նո՞ւյն բանը, Ելենան թող պատմի, մենք կորոշենք հավատալ, թե՝ ոչ»:

Բայց դատարանը որոշեց բավարարել հայցվոր կողմի միջնորդությունը:

Հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց նաեւ միջադեպի ու ոստիկանության ներկայացուցիչների գնահատականների վերաբերյալ հրապարակումների կրկնօրինակը մամուլից:

Պատասխանող կողմի ներկայացուցիչը միջնորդեց դատական նիստը հետաձգել, որ ծանոթանա դատարան ներկայացրած հայցվոր կողմի ապացույցներին: Դատական նիստը նշանակվեց մարտի 29-ին:

Հայցվոր կողմը երկու միլիոն դրամ բարոյական փոխհատուցում է պահանջում Նարեկ Մալյանից ու Էդմոն Մարուքյանից զրպարտության համար, իսկ փոխոստիկանապետից՝ մեկ միլիոն դրամ վիրավորանքի համար:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29