Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն ասում է՝ անտեր նախարարներին հանել են, ով որ տեր ունի՝ թողել են». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Փետրվար 19,2016 14:13

«Եթե պետք է մեզ տարածքային կառավարման նախարարությունը, մենք ո՞նց էինք ամբողջ մի տարի 3 ամիս ապրում առանց այդ կենսական նշանակության նախարարության: Եթե պետք չի՝ ինչու ենք բացում դա: Այստեղ լուծումներ եք տվել, որ համ Երիցյանն է մնում աշխատելու, հա՛մ՝ Լոքյանը, չե՞ք կարծում, որ սա մյուս գործընկերների նկատմամբ խիստ անարդար վերաբերմունք է:

Հասկացանք, որ ժամանակին արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները առանձին են եղել, բայց ժամանակին եղել է նաեւ լուսավորության նախարարություն, ինչի՞ չեք կիսում նաեւ մյուս նախարարությունները, որ արդարացի լինի: Եղել է էկոնոմիկայի եւ առեւտրի նախարարություն, ինչի՞ չեք կիսում այդ նախարարություններն էլ, չե՞ք կարծում, որ անարդարություն կա: Նույնիսկ ժողովրդի մեջ սկսել են խոսել, որ անտեր նախարարներին հանել են, ով որ տեր ունի՝ թողել են: Դիսկոմֆորտ չունե՞ք Աշոտյանի եւ Ճշմարիտյանի նկատմամբ»,- այսօր այսպես ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստում հարց ուղղեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ հումորով հորդորելով պատասխանը չքաղաքականացնել:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները նորից անջատելու հարցը:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ տարածքային կառավարման նախարարությունը միշտ եղել է, միասին են նախարարությունները գործել, ինչ վերաբերում է անարդարությանը՝ նա ասաց. «Անարդարության զգացում ունենում եմ, բայց ոչ այս դահլիճում, անարդարության զգացումը ինձ հաճախ պատում է, երբ հարցնում են այն, ինչն ինձնից լավ գիտեն, ընկալածն ու հասկացածը բոլորովին այլ ձեւաչափով են ներկայացնում: Բայց կոնկրետ այս պարագայում անարդարության զգացում չեմ ունենում»:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ կառավարությունը ասես վերցրել է երկար անուններ ունեցող նախարարությունների տարանջատման հարցը. «Ի դեպ, նախագծում գրված է, որ նոր նախարարությունը կոչվելու է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, չե՞ք կարծում, որ հենց հիմիկվանից իմաստ ունի, որ մի հատ առանձին տարածքային կառավարման նախարարություն ստեղծեք, մի հատ էլ զարգացման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29