Հայաստանի ազգային գրադարանը եւս ակտիվ մասնակցում է Գիրք նվիրելու օրվա միջոցառումներին: Հիշեցնենք, որ այսօր՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հռչակվել է որպես գիրք նվիրելու օր: Գրադարանի թամանյանական մասնաշենքի դիմաց դրված սեղանին աշխատակիցները գրքեր դասավորեցին, ուսանողներն էլ ակտիվ «սպառում» էին դրանք:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն Aravot.am-ին հայտնեց, որ ավանդական ակցիայի շրջանակում գրքեր են նվիրելու նաեւ երկու մանկատների, այցելելու են զորամաս. «Առանձնացրել ենք հիմնականում հայերեն գեղարվեստական գրականություն՝ պետպատվերով հրատարակված լավ գրքեր են»:
Զարգարյանի գնահատմամբ՝ գիրք նվիրելու մշակույթն արդեն ամբողջովին ձեւավորվել է: Տնօրենն արդեն ստացել է օրվա նվերը՝ 1939թ. ֆրանսիական ամսագրերի լրակազմ. «Պատահական բերեցին՝ շքեղ կազմով, նվիրեցին: Մեր գրողներն էլ են նվիրում, ընթերցողներն էլ, այսինքն, գիրք նվիրելու նախաձեռնությունն իր նպատակին հասավ: Կարելի է գիրք նվիրել եւ մարդուն դրանով հաճույք պատճառել»:
Տիգրան Զարգարյանի կարծիքով՝ համացանցը նպաստում է գրքի եւ գրականության տարածմանը. «Տպագիր արտադրանքը մնայուն է, այն 500 տարվա պատմություն ունի եւ ծառայում է մարդուն: Էլեկտրոնային կրիչները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, որովհետեւ վիրուսների եւ ցանցահենների հարձակումների վտանգ կա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ