ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները նորից բաժանելու հարցը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարցրեց՝ «Պարզ չի, մի կուսակցություն, որն ունի բացարձակ մեծամասնություն, ինչո՞ւ է կոալիցիա կազմում ուրիշ ուժի հետ, ի՞նչ կա ԱԺ-ում, որ չեք կարողանում անցկացնել, ի՞նչն է պրոբլեմը եւ ի՞նչն էր խանգարում երկու նախարարությունները միասին տայիք ՀՅԴ-ին»:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք համագործակցությունն այդքան նեղ չենք դիտում՝ որոշումներ անցկացնել: Լինում է զարգացման տեսլական ե այդ տեսլականին համահունչ համագործակցության ձեւաչափ: Ինչ վերաբերում է, թե ինչն էր խանգարում, որ երկու նախարարությունները տայիք՝ քաղաքական պայմանավորվածություններն այսպիսին են եղել: Որոշվել է նպատակահարմարությունից ելնելով, հաշվի առնելով գործընկեր ուժի ռեսուրսները, մեր պատկերացումները այդ համագործակցության ձեւաչափում, իրենց պատկերացումները համագործակցության ձեւաչափում՝ որոշումը կայացվել է այդպիսի»:
Լեւոն Զուրաբյանը դժգոհեց՝ դուք չբացատրեցիք որն է նպատակահարմարությունը. «Անում ենք՝ լավ ենք անում՝ սա էր ձեր ասածը: Դուք ասացիք ՝ այդ ամբողջ նախարարությունը Դաշնակցությանը տալը արդեն շատ կլիներ: Սա ասացիք դուք: Դե լավ, բան չունեմ ասելու, շնորհակալ եմ՝ անկեղծության համար»:
Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց. «Դուք միշտ հասկանում եք այն, ինչ ուզում եք: Տեսնում եք այն, ինչ ուզում եք տեսնել: Լսում եք այն, ինչ ուզում եք լսել: Այդտեղ ես ոչինչ չեմ կարող անել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ