ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Ն.-ին մեղադրանք է առաջադրվել:
Արմեն Ն.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում, 2015 թվականի մայիսի 25-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողներին հանիրավի մեղադրել է բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանր հանցագործության կատարման մեջ:
Վերջինս հաղորդում էր տվել այն մասին, թե, իբր, 2015 թվականի ապրիլի 18-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում հիշյալ վարչության ծառայողներն իրեն ծեծի են ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Արմեն Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն